Այսօր՝ դեկտեմբերի 10-ին մարվեց եւ շրջանառություն մտավ Երեւանի հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշ:
Մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայփոստ Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
1913 թվականին Երեւանում շահագործման հանձնվեց 200 հեռախոսային համարների կարողությամբ առաջին հեռախոսակայանը, որից օգտվում էր 71 բաժանորդ: 1914 թվականին ստեղծվեցին նաեւ Ալեքսանդրապոլ-Երեւան եւ Ալեքսանդրապոլ-Կարս առաջին միջքաղաքային հեռախոսագծերը: Այդ համակարգը պահպանվեց մինչեւ 1920 թվականը:
Հայաստանի հեռախոսային կապը զարգացավ հատկապես հետպատերազմական տարիներին: 1948 թվականին շահագործման հանձվեց 6 հազար հեռախոսային համար ունեցող առաջին ավտոմատ հեռախոսային կայանը (ԱՀԿ):
Նամականիշի վրա պատկերված են 30-ական թթ. օգտագործվող հեռախոս, «Telefonegyar R.T. Budapest» հեռախոս եւ 80-ական թվականներին օգտագործվող հեռախոս հեռախոսասյուների եւ հեռախոսային լարերի մոնտաժողի խորապատկերին:
Նամականիշի ստեղծման գործում զգալի աջակցություն են տրամադրել «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, Երեւան քաղաքի պատմության թանգարանը եւ Կապի թանգարանը:
«Ուրախ եմ ներկա գտնվել Երեւանի հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշի թողարկման այս հանդիսավոր արարողությանը։ Հպարտ եմ, որ ղեկավարում եմ այն ընկերությունը, որը հանդիսանում է Հայաստանի կապի ավանդույթների զարգացման իրավահաջորդը եւ կանգնած է պատմության ակունքներում։ «ԱրմենՏել» ընկերության գործունեության շնորհիվ այսօր ոչ միայն Երեւանի քաղաքային հեռախոսակապը, այլ նաեւ Հայաստանի ողջ լարային ենթակառուցվածքը համապատասխանում է ամենա ժամանակակից չափանիշներին։ Մենք կշարունակենք պատվով կրել Կապավորի բարձր կոչումը եւ կուրախացնենք մեր բաժանորդներին նորանոր ձեռքբերումներով», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն իր ողջույնի խոսքում։
Թողարկման օրը՝ 10 դեկտեմբերի 2013թ.
Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամ
Դիզայներներ՝ Տաթեւիկ Եսայան, Վահագն Մկրտչյան
Տպաքանակը՝ 40 000 հատ
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա