Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայում առկա ժխտողականության «պատը» վերջին տարիներին սկսել է լուրջ ճեղքեր տալ: Երկրում հայկական տաբուի վերացմանը մեծապես նպաստում են իրապես ժողովրդավար այն թուրք մտավորականները, ովքեր չեն խորշում խոսել իրենց երկրի հանցագործ անցյալի մասին և առերեսվում են իրական պատմությանը: Նման մտավորակններից է թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն, ով Երևանում «Արմենպրես»-ի հետ զրուցեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայում հնարավոր փոփոխությունների մասին:
Իրավապաշտպանը նշեց, որ չնայած վերջին տարիներին Հայկական հարցի նկատմամբ թուրք հասարակության ներսում նկատվող դրական տեղաշարժերին` թուրքական պետական ապարատը շարունակում է օգտագործել իր լծակները ժխտման քաղաքականությունը շարունակելու համար: Այս նպատակին են ծառայում անգամ համալսարաններն ու ակադեմիկոսները: Թուրք մտավորականն ընդգծում է, սակայն, որ հենց թուրքական պետական ժխտողականությունն է, որ երկրում մշտապես օրակարգում է պահում Հայոց ցեղասպանության հարցը: «Դժվար է գործել այս ամենի դեմ: Սակայն պետական ժխտողական քաղաքականությունն այնքան ակտիվ է, որ մարդիկ սկսում են կասկածել, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է: Նրանք սկսում են փորձել տեսնել իրականության մյուս կողմը, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացնում: Մեր աշխատանքները բավարարում են իսկապես ժողովրդավար, ազնիվ մարդկանց պահանջները»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց Զարաքոլուն:
Անդրադառնալով 2015 թվականին ընդառաջ իրականացվելիք միջոցառումներին` թուրք իրավապաշտպանը նշեց, որ տարելիցի մոտենալուն զուգահեռ դրանց թիվը երկրում կշատանա, միաժամանակ կավելանա նաև դրանց մասնակիցների քանակը: «Այս հարցում նկատելի է դրական տեղաշարժ. եթե նախկինում արձագանքում էր միայն Պոլիսը, ապա այժմ նաև Անկարան, Իզմիրը, Տիգրանակերտը (Դիարբեքիր)»,-արձանագրեց Զարաքոլուն, ում հավաստմամբ` ասվածի ապացույցն էր նոյեմբերին Ստամբուլի Բողազիչիի համալսարանում տեղի ունեցած կոնֆերանսը իսլամացած հայերի վերաբերյալ:
Ռագըփ Զարաքոլուն Հայաստան էր ժամանել մասնակցելու դեկտեմբերի 10-ին Ազգային գրադարանում բանագետ, բանահավաք Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայությունները» գրքի թուրքերեն հրատարակության շնորհանդեսին: Գիրքը հրատարակվել էր Ստամբուլում` Զարաքոլուի «Բելգե» հրատարակչատանը 1500 օրինակով: Աշխատությունն ընդգրկում է ցեղասպանությունից վերապրած սերնդից անմիջականորեն գրի առնված 700 միավոր բանավոր վկայություն և պատմական բնույթի երգեր, որոնք հեղինակը գրի է առել ավելի քան 55 տարիների ընթացքում:
ARMENPRESS.am