Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն այլ հարցերի հետ շաղկապելն անիմաստ է եւ անարդյունավետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Երեւանում ՍԾՏՀԿ նիստից հետո կայացած ճեպազրույցում:
Պատասխանելով հարցին, թե թուրքական մամուլում վերջին օրերին հրապարակումներ են հայտնվել, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Երեւանում մտադիր է քննարկել ղարաբաղյան կարգավորման հարցը՝ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, Նալբանդյանն ընդգծել է, թե Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել առանց նախապայմանների: «Դա այլ հարցերի հետ շաղկապելն անիմաստ է եւ անարդյունավետ»,- ասել է նախարարը:
Հարցին, Երեւանում նախատեսված է արդյոք առանձին հանդիպում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, Նալբանդյանը պատասխանել է, թե հանդիպումներ են կայանալու պատվիրակությունների ղեկավարների, այդ թվում՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ: Հանդիպումից հետո կհաղորդվի, թե ինչի մասին է խոսվել, ասել է Նալբանդյանը: