Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նախաձեռնությամբ, Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 17:30-ին, կբացվի լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Կարմիր խաչի եւ կարմիր մահիկի միջազգային շարժման 150 ամյակին:
Ցուցահանդեսը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի 2-րդ հարկում: Այս միջոցառմամբ ԿԽՄԿ-ն նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել մարդասիրական աջակցությանը եւ պաշտպանությանն ուղղված իր գործունեությանը՝ ի նպաստ միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Միջոցառմանը հրավիրված են ՀՀ կառավարության, դիվանագիտական կորպուսի, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համալսարանականներ եւ լրատվամիջոցներ:
«ԿԽՄԿ-ի150-ամյա մարդասիրական գործունեությունը 1863 - 2013թթ.» խորագրով այս ցուցահանդեսին կներկայացվեն թվով 55 պատմական եւ ժամանակակից լուսանկարներ, որոնք ընդգրկում են 1898թ.-ի իսպանաամերիկյան պատերազմը, 20-րդ դարի երկու Համաշխարհային պատերազմները, ինչպես նաեւ վերջին տասնամյակներին Աֆղանստանում, Սուդանում, Լիբիայում եւ Սիրիայում տեղի ունեցած զինված ընդհարումները: Հատուկ հավաքածուով կցուցադրվի ԿԽՄԿ-ի գործունեությունը Հայաստանում: Ցուցահանդեսը բաց է մինչեւ դեկտեմբերի 23-ը:
Իր գոյության ընթացքում ԿԽՄԿ-ն մշտապես ջանացել է օգնության ձեռք մեկնել զինված ընդհարումների եւ բռնության այլ իրավիճակների հետեւանքներից տուժած անձանց: Ներկայումս ԿԽՄԿ-ն գործում է ավելի քան 90 երկրներում: Կազմակերպությանը երեք անգամ շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ: