«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը 45 տարեկան է: Տասնամյակներ շարունակ «Էրեբունի» արգելոց-թանգարանը անում է ամեն ինչ` անցյալը ճանաչելի դարձնելու, ներկայի նկատմամբ ուշադրությունը խթանելու և ապագայի նկատմամբ պատվախնդիր լինելու ուղղությամբ: 2013-ը ամփոփելով իր հիմնադրման 45-րդ տարեդարձին նվիրված միջոցառմամբ` արգելոց-թանգարանը նպատակ է հետապնդում անցած ուղին ներկայացնել նոր ծրագրերի համատեքստում` Երևանի հիմնադրման 2800 ամյակին ընդառաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արգելոց-թանգարանն ակնկալում է, որ 2018-ի հանդիսությունների առանցքում կդրվի հնավայրի նոր կերպարը և թանգարանի նոր ցուցադրությունը:
45 տարի առաջ ներկայանալով հայ հասարակությանը եւ երկիր այցելող զբոսաշրջիկներին` Էրեբունի հնավայրն ու թանգարանը դարձան Հայաստանի և մասնավորապես Երևան քաղաքի պատմության ուշագրավ մի դրվագ` հասանելի ոչ միայն գիտական, այլ նաև լայն հանրությանը:
Էրեբունի քաղաք-ամրոցի վերականգնումը և արգելոց-թանգարանի ստեղծումը խորհրդային տարածքում դարձան եզակի երևույթ, ինչը թույլ տվեց միջազգային հարթակներում խորհրդային տարածքը համեմատել Եգիպտոսի, Բաբելոնի, Աթենքի և այլ հին քաղաքակրթությունների հետ: «Էրեբունի» արգելոց-թանգարանի ստեղծումը դարձավ արժանապատվորեն ներկայանալու ամբիցիա ոչ միայն երևանցիների, այլ նաև աշխարհասփյուռ հայության համար:
1968թ. հոկտեմբերի 19-ին իր դռնելը բացելով հանրության առջև` Էրեբունին սկսեց իր այցելուին Երևանը ներկայացնել որպես աշխարհի հնագույն մայրաքաղաք, որը հիմնադրվել էր 2750 տարի առաջ: Երևան-2750-ի հանդիսություններն այնքան անմոռանալի էին, որ Էրեբունի-Երևանը դարձավ քաղաքի ամենամյա տոն:
«Էրեբունի 45» միջոցառումը, որով թանգարանը դեկտեմբերի 13-ին ամփոփում է 2013 թվականը, ոչ միայն անդրադարձ է հնավայրի ու թանգարանի բացմանը, այլ նաև, նոր ընկալումների համատեքստում` այս եզակի հնագիտական հուշարձանի տևական պահպանության և ապագայի ամրագրում: Միջոցառման շրջանակում ներկայացվում է նաև «Էրեբունի 45» արխիվային լուսանկարների ալբոմը` որպես երախտիքի խորհրդանշան բոլոր այն մարդկանց, բարձրաստիճան պաշտոնյայից մինչև թանգարանի ցուցանմուշների պահապան, ովքեր, իրենց աշխատանքով մեր քաղաքին նվիրեցին և ապագա սերունդներին կտակեցին այս եզակի ժառանգությունը:
ARMENPRESS.am