Հայաստանի հետ սահմանակից Կարսի քաղաքապետ Նեւզաթ Բոզքուշը քաղաքական գործչին ոչ հարիր եւ անպատասխանատու արտահայտություններ է արել հայերի հասցեին։
Թուրքական Diyadinnet կայքի փոխանցմամբ՝ Կարսի քաղաքապետ Նեւզաթ Բոզքուշը, մասնակցելով մի հեռուստահաղորդման, հանդես է եկել հայերի հանդեպ թշնամություն սերմանող արտահայտություններով։ Նեւզաթ Բոզքուշը մեղադրել է հայերին ադրբեջանցիներին «ցեղասպանության» ենթարկելու մեջ՝ պնդելով, թե իբր հայերը ողջ-ողջ ադրբեջանցիների աչքերը հանում էին։
Կարսի քաղաքապետը շեշտել է, թե իրենք դեմ են Հայաստանի հետ բացել սահմանը, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի խդիրը եւ հայերը չեն հրաժարվել Ցեղասպանության ճանաչման պայքարից։
Նեւզաթ Բոզքուշը հայերի հանդեպ թշնամանք սերմանող իր ելույթում հիշատակել է նաեւ հայ-թուրքական սահմանը խախտած եւ ռուս սահմանապահների ուղղությամբ կրակահերթ արձակած հովվի սպանությունը՝ ներկայացնելով, թե նրան հայերն անմեղ տեղն են սպանել։ Նա նաեւ պնդել է, թե կարսեցիները սխալ են մտածում, թե սահմանի բացումով իրենք օգուտ կստանան՝ շեշտելով,թ ե դրանից միայն հայերն են օգտվելու։
Նշենք, որ տարիներ առաջ Կարսի նախկին քաղաքապետի կողմից իրականացվել էր ստորագրահավաք՝ Հայաստանի հետ սահմանի բացման օգտին, եւ հավաքվել էր 50 հազար ստորագրություն: Սա բավականին մեծ թիվ է, քանի որ այն ժամանակ Կարսի բնակչությունը մոտ 70 հազար էր: