Դեկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նախարարության մի խումբ աշխատակիցներ այցելեցին «Ոսկե Դար» պատկերասրահում «ԱԱ Աուկցիոն» և hi-artonline.com նախագծի կազմակերպած ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին ժամանակակից արվեստի, ինչպես նաև անցյալ հարյուրամյակի հայ կերպարվեստի մի շարք լավագույն նմուշներ:
Նախարար Հրանուշ Հակոբյանը պատկերասրահի տնօրեն Աննա Գրիգորյանի ուղեկցությամբ շրջեց ցուցասրահներում, ծանոթացավ հայ գեղանկարչական դպրոցի մեծանուն ներկայացուցիչ Եղիշե Թադևոսյանի գեղանկարների և գրաֆիկաների հազվագյուտ հավաքածուին, առաջին անգամ Հայաստանում ցուցադրվող եվրոպական սյուռեալիզմի հիմնադիրներից մեկի՝ Լևոն Թութունջյանի գեղանկարներին, որոնք հիմնականում արտացոլում են ցեղասպանության թեման: Հայերի Ցեղասպանությանը նվիրված նրա աշխատանքը առաջինն է սյուռեալիստական ոճում: Անցյալ դարի 30-ական թթ ստեղծված այդ ստեղծագործությունը համաշխարհային սյուռեալիզմի ամենատպավորիչ աշխատանքներից է և ցուցադրվել է Ֆրանսիայում աշխարհի 50 ամենահայտնի նկարիչների աշխատանքների կողքին: Ցուցասրահում ներկայացված էին նաև Երվանդ Քոչարի, Մարտիրոս Սարյանի, ինչպես նաև աբստրակտ մինիմալիզմի կարկառուն ներկայացուցիչներ՝ ժամանակակից նկարիչներ Աշոտ Հարությունյանի, Գարիկ Կարապետյանի և Խաչատուր Մարտիրոսյանի աշխատանքները և քանդակներ:
Նախարար Հրանուշ Հակոբյանը գոհունակություն հայտնեց ցուցասրահ այցելելու առիթով և նշեց, որ այն համաշխարհային հռչակ ունեցող հայ արվեստագետների բարձրարժեք ստեղծագործություններին ծանոթանալու և արվեստի հետ հաղորդակցվելու բացառիկ հնարավորություն է:
Նշենք, որ նկարների այս հավաքածուն կցուցադրվի մինչև 2014թ փետրվարի 28-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ