2013-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը 26 մենահամերգով է հանդես եկել. այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր խմբավար Սոնա Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարի ունեցել են 4 հյուրախաղեր եւ 3 միջազգային խմբերգային փառատոնների մասնակցություն: Հովհաննիսյանի հավաստմամբ, 2013-ը նման չէր նախորդներին. տարին բազմազբաղ էր:
«Երգչախմբի կազմը, ուզենք, թե չուզենք, փոփոխության է ենթարկվում: Իսկ նոր մարդն իր հետ նոր ծրագրեր, նոր ստեղծագործություններ կատարելու հնարավորություն է բերում: Մեր երգչախմբի հաջողությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր մարդ իր լումայով կոնկրետ ազդում է երգչախմբի տարեկան աշխատանքի վրա, ինչն ամենակարեւորն է մեզ համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի մեզ միացավ օպերային թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը»,-ասաց Հովհաննիսյանը:
Տարվա ձեռքբերումը Հովհաննիսյանի կարծիքով` նվագախմբի` ավելի լավ երգելն է: 2013-ին չարված գործեր էլ մնացին. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս տարի իրենք ձայնագրություն չեն ունեցել, սակայն 2014-ին կունենան խմբերգային երաժշտության, քանի որ արդեն հավաքվել է միջոցներ եւ հնարավորություն:
«Ընթացիկ տարում մենք նաեւ 4 համերգ ենք ունեցել դրսում, իսկ դրսում եմնք ոչ միայն ոչ միայն հայկական ավանդական երաժշտություն ենք կատարում, այլ նաեւ մեր կողքին ապրող եւ ստեղծագործող երաժիշտների, քանի որ ժամանակակիցները մեր երգչախմբի թոքերն են, առանց իրենց` անիմաստ է մեր գոյությունը: Մենք մեր երգացանկում բավական շատ պրեմիերաներ ենք ունենում»,-ասաց Հովհաննիսյանը:
Վաղը Կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգչախմբի տերեվերջյան համերգը: «Հովերը» հանդես կգա Սոնս-Սանսի «Սուրբ Ծննդյան» օրատորիայի երեւանյան պրեմիերայով. օրատորիան գրված է երգչախմբի, նվագախմբի, տավղի, երգեհոնի եւ հինգ մենակատարների համար: Ստեղծագործությունը կհնչի Կամերային նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան):
Yerkir.am