Հայկական «Ինչ-որ նոր բան» անվանումը կրող նախագծի ֆիլմի լոսանջելեսյան շնորհանդեսին ներկա են եղել թե մեծահասակներ, թե երիտասարդներ: Այս մասին գրում է «Asbarez»-ը: 14 րոպեանոց ֆիլմը պատմում է երկու դեռահասների մասին, որոնք փորձում են Հայաստանը մաքրել պլաստիկ տոպրակներից: Նրանք այդ աղտոտվածության դեմ պայքարի ծրագիր են մշակում:
Արմենի դերակատար Փիթեր Դեյրբադրոսյանը հավաքվածների դիմելով` մեջբերել է Սոս Սարգսյանի բառերը. «Երազում եմ, որ մեր երկիրը, մեր մայրաքաղաքը ու մեր գյուղերը մաքուր լինեն: Քանի որ աղբը ոչ միայն զզվելի է, այլեւ`վարակ է տարածում: Մաքուր երկիր նշանակում է հզոր քաղաքակրթություն: Երազում եմ, որ մեր գետերը մաքուր լինեն, ծառերը չհատվեն: Ի վերջո, մեր ապագա սերունդներին դեռեւս թթվածին է հարկավոր լինելու»:
Հայաստանում տարեկան մոտ 5 հազար տոննա պլաստիկ միավոր է շրջանառում` որպես շշեր ու պոլիէթիլենային տոպրակներ, որոնք հայտնվում են աղբավայրերում կամ բնությունում` պիկնիկներից հետո: