Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն, որը Հայաստանում է «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 15-րդ հոբելյանական փառատոնի առիթով, որը մեկնարկել է իր 80-ամյակին նվիրված համերգաշարով:
Բարձր գնահատելով համաշխարհային երաժշտարվեստում Պենդերեցկու ներդրած ավանդն ու ու անբասիր ծառայությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորել է կոմպոզիտորի երեւանյան համերգների անցկացումը, հատկապես՝ երիտասարդ կատարողների կատարելագործման տեսանկյունից:
Հյուրին ներկայացնելով Երեւանի եւ Վարշավայի միջեւ ձեւավորված համագործակցության հեռանկարները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2013-ի ամռանը Երեւանի եւ Վարշավայի քաղաքապետերը ստորագրել են մտադրությունների հուշագիր, համաձայն որի՝ երկու մայրաքաղաքները պատրաստակամ են զարգացնելու բարեկամությունն ու խրախուսելու Երեւանի եւ Վարշավայի միջեւ ակտիվ համագործակցությունը։ Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու մայրաքաղաքների միջեւ մշակութային համագործակցության ընդլայնման մասով ակնկալում է նաեւ մաեստրոյի աջակցությունը:
Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը երաժշտության բնագավառում ունեցած մեծ նվաճումների, երեւանյան երաժշտական կյանքում ներդրած ավանդի համար եւ աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Քշիշտոֆ Պենդերեցկուն պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ աշխարհահռչակ կոմպոզիտորն անկեղծորեն խոստովանել է, որ հուզմունքը մեծ է նման գնահատանքի արժանանալու եւ իր արվեստի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ վերաբերմունքի համար:
Քշիշտոֆ Պենդերեցկին շնորհակալություն է հայտնել նաեւ Երեւանի քաղաքապետին «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին աջակցելու համար: