Քալիֆորնիայում է գտնվում աշխարհում հայկական ամենամեծ համայնքներից մեկը: Համայնքն ապրում է Կենտրոնական դաշտավայրից մինչեւ Հարավային Քալիֆորնիա ընկած պտղատու գյուղատնտեսական ընդարձակ հողերի վրա: Այդ մասին է գրում քալիֆորնիական «Daily Pilot» թերթն ու հավելում, որ Հայոց ցեղասպանությունն ու դրան հաջորդող տեղահանումներն ազդում են համայնքի ինքնագիտակցության, նրա կայունության վրա, քանի որ այդ իրադարձությունները շատ հայերի ոչ վաղ անցյալն են:
Պարբերականը նշում է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն, իսկ Հայ առաքելական եկեղեցին հանդես է գալիս որպես ժողովրդի կրոնական ու մշակութային կենտրոն: Այս ընդհանուր պատմության հետ միաձուլվում է սերը պատմությունների, ուտելիքի ու ընտանիքի հանդեպ:
Թերթի համաձայն՝ Վիլյամ Սարոյանը շարունակում է մնալ ամենահայտնի գրողը, ով գրում էր Կենտրոնական դաշտավայրի ամերիկահայ կյանքի մասին: «Իմ անունն է Արամ» գեղարվեստական ստեղծագործությունը պատմում է մի տղայի մասին, ով ուսումնասիրում է իր հայկական ինքնությունն ու ժառանգությունը Ֆրեզնոյի ֆերմաներում: Կենտրոնական դաշտավայրը գրավել է հայ ներգաղթյալներին իր գյուղատնտեսական պայմաններով, որոնք նման են հայրենիքում առկա պայմաններին, եւ հեղինակի շատ այլ ստեղծագործություններում ուսումնասիրվում է հայ ներգաղթյալների առաջին սերնդի փորձը: