Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջախոհության կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին` հորդորելով կրճատել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը խստորեն դատապարտել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Նա բարձր է գնահատել հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի սխրանքը, ով իր զինակից ընկերների հետ կարողացել է հետ շպրտել հակառակորդին: «Ադրբեջանի վերջին ճակատագրական հարձակումը շփման գծում ցավալիորեն և խորապես շեշտում է միջազգային հանրության կողմից Կովկասում պատերազմ վերսկսելու Բաքվի արշավը հիմնավորապես չսանձելու կամ չհակազդելու պատճառով տված մարդկային կորուստների գինը: Սա պետք է առնվազն ահազանգ հանդիսանա այստեղ` Վաշինգտոնում, որ Կոնգրեսը կասեցնի Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը»,- նշել է Արամ Համփարյանը:
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկուուղղությությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից` հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 21-ին հայտնել է, որ դիրքում կանգնած ինը հոգուց բաղկացած սովորական ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբի` շուրջ 30 հոգու: Քաջարի հերոս Արմեն Հովհաննիսյանին հունվարի 22-ին կհուղարկավորեն Եռաբլուր պանթեոնում` զինվորական կարգով, կլինեն պատվո պահակախումբ, զինվորական նվագախումբ, զորամասից և նախարարությունից համապատասխան բարձրաստիճան սպաներ կայցելեն հարգանքի տուրք մատուցելու: Սոցցանցերը հեղեղված են հայ ազգի քաջարի զավակի սխրանքի փառաբանմանը նվիրված գրառումներով:
ARMENPRESS.am