Հայերը պետք է ողջունեն Սիրիայի նախագահի նոր հայտարարությունը, որում նա ճշմարտությունն է հայտնում ցեղասպանության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է «The California Courier»-ի հրատարակող Հարութ Սասունյանը «Asbarez» թերթի իր հոդվածում՝ մեկնաբանելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադր հարցազրույցը «France Press» գործակալությանը, որում նա վկայակոչել է Թուրքիայում 1.5 մլն հայերի զանգվածային սպանությունների մասին:
Սասունյանի խոսքով՝ սա առաջին դեպքն է, եր սիրիական պետության որեւէ ղեկավար ճանաչել է հայերի զանգվածային սպանությունն ու դրանում մեղավոր անվանել Օսմանյան Թուրքիային: Հոդվածի հեղինակի կարծիքով՝ զարմանալի չէ, որ երկու օր անց ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ. «Իսկ ի՞նչ կարող ենք ասել Հայոց ցեղասպանության մասին, որի ժամանակ 1,5 միլիոն մարդ էր սպանվել»:
Թերթը նշում է, որ միակ բարձրաստիճան պաշտոնյան, ով մինչ այժմ ճանաչել է հայերի ցեղասպանությունը, Սիրիայի խորհրդարանի խոսնակ Աբդել Քադեր Քադուրան էր, ով Երեւանում 2001թ.-ի հուլիսի 16-ին Ցեղասպանության թանգարանի Զոհերի հիշատակի գրքում գրառում թողեց: Հոդվածի հեղինակի խոսքով՝ 2011թ.-ի սիրիական ճգնաժամից առաջ Սիրիան եւ Թուրքիան քաղաքական ու տնտեսական առումով սերտ դաշնակիցներ էին, սակայն իրավիճակն այժմ փոխվում է:
Հիշեցնենք, որ «France Press» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչն էր ամենաբարդը, որ այս տարիների ընթացքում ստիպված է եղել հաղթահարել, նախագահ Ասադը հայտարարել է, որ շատ երեւույթների հետ բարդ էր հաշտվել: «Առաջին հերթին, ահաբեկչության վայրենության ու անմարդկայնության հետ: Նրանց դաժանությունը հիշեցնում է այն, ինչ տիրում էր միջնադարյան Եվրոպայում 500 տարի առաջ: Հիշեցնում է նաեւ թուրքերի կողմից իրականացված զանգվածային սպանությունների մասին, երբ 1,5 միլիոն հայ կոտորեցին ու կես միլիոն ուղղափառ սիրիացու Սիրիայի եւ Թուրքիայի տարածքում»,- նշել է Սիրիայի նախագահը: