ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Քալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատական կուսակցության կոնգրեսական, «Հայոց ցեղասպանություն. Ճշմարտություն եւ արդարություն» (H. Res. 227) բանաձեւի հիմնական հեղինակ Ադամ Շիֆը այս տարվա մարտի 3-ին Կապիտոլյան բլուրում անցկացնելու է միջոցառում, որը նվիրված կլինի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության զոհերին օգնություն տրամադրելուն ուղղված արշավին, որը նպաստել էր ԱՄՆ-ի կողմից արդեն գրեթե հարյուր տարվա ընթացքում ամբողջ աշխարհում մարդասիրական օգնության տրամադրման աննախադեպ առաջնորդության մեկնարկին, հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:
Այս մասին ասված է կոնգրեսական Շիֆի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ, որի համաձայն Կապիտոլյան բլուրում կայանալիք միջոցառումը նպատակ է հետապնդում ուսուցանելու ԱՄՆ-ի օրենսդիրներին, իրենց անձնակազմին եւ համայնքին Միացյալ Նահանգների կողմից ցեղասպանության թիրախը դարձած հայ ժողովրդին տրամադրված աջակցության, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում տառապող մարդկանց մարդասիրական օգնություն տրամադրել շարունակելու անհրաժեշտության մասին:
«Հայոց ցեղասպանության զոհերի նկատմամբ Ամերիկայի հոգատարության եւ կարեկցանքի ոգին ըստ էության լավագույնս նշանավորում է «Հայ որբերի գորգը»՝ արվեստի մի գործ, որը ստեղծվել էր Ցեղասպանությունը վերապրած երիտասարդների կողմից եւ որպես նվեր ուղարկվել ԱՄՆ-ի Սպիտակ տուն «Մերձավոր Արեւելքում ամերիկյան նպաստամատույց կոմիտե»-ի կողմից՝ բարեգործական այն կազմակերպության, որի ստեղծումը ոգեշնչել էր նախագահ Ուիլսոնը, իսկ հիմնադրումն իրականացվել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված օրենքի հիման վրա», - ասված է Ադամ Շիֆի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ: - «Ցավոք, ամերիկյան մեծահոգության այս խորհրդանիշը ցուցադրման համար դեռեւս չի տրամադրվել ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից, ինչի հետեւանքով չեղյալ էր հայտարարվել 2013 թվականի դեկտեմբերին Գորգի ցուցադրման հետ կապված միջոցառումը, որը պետք է անցկացվեր «Սմիթսոնիան» թանգարանում»:
«Հուսով ենք՝ ԱՄՆ-ի Սպիտակ տունը կհամաձայնվի տրամադրել «Հայ որբերի գորգն» այս միջոցառման համար, սակայն նման հանձնառության բացակայության պայմաններում այս միջոցառումն այնուամենայնիվ կկայանա», - նշված է Ադամ Շիֆի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ կոնգրեսական Շիֆը եւ ԱՄՆ-ի եւս 32 կոնգրեսականներ դրել են իրենց ստորագրություններն անցյալ տարի ԱՄՆ-ի Սպիտակ տանը հասցեագրված նամակի տակ, որը կոչ է անում փոխել Օսմանյան Թուրքիայում 1915-ից 1923 թվականներին իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված մարդասիրական օժանդակության համար որպես երախտապարտություն ԱՄՆ-ի նախկին նախագահ Քալվին Քուլիջին նվիրաբերված գորգի հանրային ցուցադրման արգելման մասին որոշումը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am