Հայաստանն ու սփյուռքահայությունը պետք է ավելի ակտիվ և իմաստուն քաղաքականություն վարեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, կարծում է քաղաքագետ, «Նորավանք» հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը։
«Թուրքիան վերջերս մեղմացրել է Ցեղասպանության ամբողջական ժխտման իր ռազմավարությունը, իսկ Հայաստանը շարունակում է աշխատել հին ձևով», – ասել է Հարությունյանը։
Նրա խոսքերով` Հայաստանն ու սփյուռքահայությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնեն գիտական հետազոտություններին։
«Այսօր սփյուռքահայությունը Հայաստանի սահմաններից դուրս ունի միայն մեկ «ուղեղի կենտրոն»` Զորյան ինստիտուտը, որն այսօր դժվար ֆինանսական դրության մեջ է։ Իսկ Թուրքիան ունի 125 նման կենտրոն, այդ թվում նաև Եվրոպայում և ԱՄՆ–ում», – ասել է Հարությունյանը։
«Հարկավոր է սթափ գնահատել իրավիճակն ու Թուրքիայի հնարավորությունները։ Մեր կողմը պետք է փոխի գոյություն ունեցող ռազմավարությունն ավելի ագրեսիվ և հայեցակարգային ռազմավարության», – ավելացրել է քաղաքագետը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
ar.newsarmenia.ru