1988թ. Սումգայիթի ջարդերը խուլիգանություն չէին, այլ հայերի կազմակերպված սպանդ, ովքեր դարերով ապրում էին իրենց հայրենի հողում եւ պատահաբար հայտնվել էին 1918թ. ստեղծված Ադրբեջան պետությունում: Այս մասին փետրվարի 27-ի ասուլիսում հայտարարել է «Ընդդեմ իրավական ամենաթողության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
«26 տարի է անցել հարեւան պետությունում հայերի զանգվածային ջարդերից, եւ ընդունված է ասել, որ Սումգայիթի ջարդերը փետրվարի 27-29-ին են կատարվել: Սակայն այժմ փաստեր են հայտնվել, ըստ որոնց՝ ջարդերը, իհարկե՝ ոչ այդպես զանգվածաբար, շարունակվել են մինչեւ ապրիլ», - հավելել է նախկին օմբուդսմենը:
Ըստ նրա` հարցը պետք է տեղափոխել իրավական հարթություն եւ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել: «Սումգայիթի իրադարձությունների փաստով 10 քրեական գործ էր հարուցվել: Դրանցում կան նաեւ ադրբեջանցիների վկայություններ` Սումգայիթում հայերի ջարդերի կազմակերպման վերաբերյալ: Դրանք կարեւոր ապացույցներ են», - հավելել է Ալավերդյանը: Նա ընդգծել է, որ Սումգայիթում իրադարձությունների վերաբերյալ ֆիլմի պրեմիերայից հետո «Ընդդեմ իրավական ամենաթողության» հասարակական կազմակերպություն են դիմել բազմաթիվ ականատեսներ եւ ջարդերը վերապրածներ: «Մեզ զանգահարել էր Գեղեցիկ անունով մի կին եւ պատմել, թե երբ իրեն դիահերձարան էին կանչել դիակը ճանաչելու, այնտեղ 32-ից ավեի մարմին կար: Եւ երբ իրեն էին տվել ջարդի ժամանակ սպանվածների անունները, այնտեղ երկու ցուցակ կար, որոնցից մեկում` 32 անուն, մյուսում` հարյուրից ավելի», - նշել է Ալավերդյանը: Առաջին օմբուդսմենը հավելել է, որ իրենց ՀԿ էր դիմել մի ռուս կին, որի աղջիկը 1988թ. Սումգայիթում իրադարձությունների ականատես էր եղել: Նա պատմել է, որ աղջիկը տուն էր վերադարձել կակազելով` նա ականատես էր եղել, թե ինչպես են ադրբեջանցիները կրակի մեջ նետել երկու տարեկան մի երեխայի: «Դա նույնպես վկայում է, որ Ադրբեջանի իշխանությունները ստում են, թե ջարդերի ժամանակ երեխաներին ձեռք չեն տվել»:
Ըստ Լարիսա Ալավերդյանի` շուտով լույս կտեսնի Սումգայիթում հայերի ջարդերի վերաբերյալ ականատեսների հիշողությունների երկրորդ հատորը:
Փետրվարի 28-ին` 13:00 –ին, Երեւանում երթ կկազմակերպվի դեպի Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում 1988թ. Սումգայիթում սպանված եւ կտտանքների ենթարկված հայերի հիշատակին տեղադրված խաչքար: Սգո արարողությանը կմասնակցեն հենց նախկին սումգայիթցիները, ովքեր անցել են անասելի տառապանքների դժոխքով, կորցրել հարազատներին եւ բարեկամներին, դարձել հաշմանդամ: