Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկի կապակացությամբ Հայաստանում գտնվող հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը և նրա երաժշտական անձնակազմը մարտի 10-ին այցելեցին Երևանի կոնյակի գործարան, հայտնում է ԵԿԳ մամուլի ծառայությունը։
Ըստ նախատեսված ծրագրի` հյուրերը այցելեցին Երևանի կոնյակի գործարանի հնացման մառան, որտեղ ծանոթացան հայկական ԱՐԱՐԱՏ կոնյակի պատմությանը և արտադրական պրոցեսին:
Կաասը դիտեց հայկական կոնյակագործությունը ներկայացնող լայնամասշտաբ անիմացիոն տեսանյութը:
Պատվիրակությունը կանգ առավ նաև «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:
Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանը տիկին Կաասին նվիրեց սահմանափակ խմբաքանակով թողարկած ԱՐԱՐԱՏ ԱՐՄԵՆԻԱ կոնյակը:
ԱՐԱՐԱՏ կոնյակները Պատրիսիա Կաասի նախօրեին կայացած համերգի գլխավոր հովանավորն են:
Պատրիսիա Կաասի գալա–համերգը, որով մեկնարկել է Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակը, կազակերպվել է ՀՀ արտգործնախարարության ու մշակույթի նախարարության, Ֆրանսիայի դեսպանատան, «Երևանյան հեռանկարներ» փառատոնի կողմից։
Երևանի կոնյակի գործարանը հիմնվել է 1887 թվականին։ Գործարանի ժամանակակից համալիրը գոյություն ունի 1953 թվականից։ 1998 թվականի հունիսին ԵԿԳ–ն ընդգրկվել է Պեռնո Ռիկար խմբի կազմում։ Այդ կորպորացիային են պատկանում ոգելից խմիչքների մի շարք ապրանքանիշներ, և այն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ոգելից խմիչքների արտադրության և վաճառքի ցուցանիշով։ Պեռնո Ռիկար ընկերությունը ԵԿԳ–ն ձեռք է բերել միջազգային տենդերով` 30 մլն դոլարով։
ar.newsarmenia.ru