Երեւանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նախօրեին հեղինակային երգի երեկո էր: Հեղինակ-կատարողներին մեկ տանիքի տակ էր հավաքել «Ժամանակ» ֆիլմի ստեղծագործական անձնակազմը՝ Arm TIME Production-ի կազմակերպած համերգի շրջանակում: Առիթը ֆիլմի սաունդթրեքի պրեմիերան էր, որի հեղինակն ու կատարողը Վահագ Ռաշն է: Խոսքերը բանաստեղծ Միսաք Մեծարենցինն են:
Ֆիլմի անձնակազմի կարգախոսն է՝ «Ֆիլմ զրո դրամով»: NEWS.am STYLE-ի հետ զրույցում «Ժամանակ» ֆիլմի ռեժիսոր Անդրանիկ Տոնոյանն ասաց, որ ժապավենը դեռեւս մոնտաժային փուլում է: Ֆիլմում հայտնի դերասաններ չկան: «Ընտրել ենք հիմնականում Թատերական ինստիտուտի ուսանողների եւ թատրոնի դերասանների»,- նշեց նա:
Ըստ ռեժիսորի, բոլորն անվճար են խաղացել, անգամ տեխնիկան իրենց անվճար են տրամադրել:
«Ժամանակ»-ն Անդրանիկի առաջին աշխատանքն է: Նա մասնագիտությամբ դերասան է եւ, իր խոսքով, ամաչում է ասել, որ ռեժիսոր է: «Ես ունեմ շատ-շատ լավ ռեժիսոր ընկերներ, որոնց մոտ ամաչում եմ ասել, որ ես ռեժիսոր եմ: Այս ֆիլմում ռեժիսոր կարող են լինել բոլորը, ովքեր աշխատել են ֆիլմի վրա, որովհետեւ բոլորն իրենց ներդրումը, գաղափարը, մտածելակերպը խաղարկեցին ֆիլմի մեջ»,- ընդգծեց Անդրանիկը:
Չցանկանալով բացել փակագծերը՝ երիտասարդ ռեժիսորը նշեց, որ ֆիլմն ապրելու մասին է. «Անգամ եթե գիտես, որ մահանալու ես, պիտի ապրես»:
Ի դեպ, ֆիլմի ստեղծագործական անձնակազմը կորուստ է ունեցել: Դերասաններից մեկը՝ Ջիվան Նիկոլյանը, մահացել է: Համերգը, որ կրում էր «Դու մեզ հետ ես» խորագիրը, նվիրված էր նրան: Համերգից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է Խարբերդի մանկատանը:
Բարեգործական համերգին ելույթ ունեցան Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Վահագ Ռաշը, Վախթանգ Հարությունյանը, Նարեկ Գեւորգյանը եւ մի շարք երիտասարդ կատարողներ:
Շուշան Շատիկյան, NEWS.am STYLE