Լուրեր
նորություններ/news

Վիրահայ համայնքը նշում է երկրաշարժի 23-րդ տարելիցը

Վիրահայ  համայնքը  նշում է  երկրաշարժի 23-րդ տարելիցը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Դեկտեմբերի 7-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրազախանյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգիստ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի անմեղ զոհերի:

Հոգեհանգստի արարողությանը ներկա էին երկրաշարժի զոհերի հարազատները, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Արմեն Բայանդուրյանը, Վրաստանի Հայերի Միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, վիրահայ մտավորականության ներկայացուցիչներ, հավատացյալներ:

Չարագույժ երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի իրենց տուրքը մատուցեցին Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Թամար Կինծուրաշվիլին, Վրաստանի վերաինտեգրման փոխնախարար Զվիադ Զվիադաուրին:

Հավաքվածներին ուղղված իր խոսքում տեր Վազգեն եպիսկոպոս Միրազախանյանը նշեց, որ թեև 1988 թվականի դեկտեմբերի 7-ը Հայ ժողովրդի պատմության մատենագրության սև էջերից մեկն է, օր՝ որը մահ սփռեց Հյուսիսային Հայաստանի բնակավայրերի ու բնակիչների վրա և այսօր, արդեն 23-րդ անգամ դարձավ զոհվածների հիշատակության, ցավի ու մորմոքի, անմեղ զոհերի կորստի անմոռանալի հուշ, սակայն այն նաև մեր ժողովրդի հոգու անպարտելիության , ցավին ընդդիմանալու և վերստին հառնելու ապացույց է: Նա ընդգծեց ժամանակաշրջանի բարդությունը, երբ հայ ժողովուրդը, տոգորված Արցախը մայր հայրենիքին վերամիավորելու խնդրով, իր մեջ ուժ գտավ դիմանալու, բարձրանալու ու հոգու արիությունը պահպանել համար:

Սրբազան Հայրը կարևորեց ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին մենակ չթողնելու հանգամանքը. աշխարհը սատար կանգնեց հարվածի ծանրությունից ցնցված հայ ժողովրդի կողքին և այդ սատարողներից առաջինը Վրաստանն ու վրաց ժողովուրդն էր, որը բարեկամի ջերմությամբ, դրացու անմիջականությամբ հասցրեց առաջին օգնությունը, ընդգրկվեց երկրաշարժի փլատակներից մարդկանց փրկության աշխատանքներին, ընդունեց ու դարմանեց հազարավոր տուժածների ու անապաստան մնացածների: Դա է իսկական բարեկամի, իսկական հարևանի վերաբերմունքը,- հավելեց վիրահայոց հոգևոր առաջնորդը:

— — —

Դեկտեմբերի 7-ին ի լրումն երկրաշարժի 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի փոքր դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վիլի Վայների նոտային ժողովածուի և «Դաշնամուրային պիեսների» համերգ-շնորհանդեսը: Ստեղծագործությունները կատարեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Ներսիսյանը: Համերգի ժամանակ կատարվեցին նաև հայտնի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգի հաջորդ օրը, դեկտեմբերի 8-ին Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հայ արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչների հանդիպումը կոմպոզիտոր Վիլի Վայների և դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանի հետ:

Հավաքվածները դիտեցին երևանաբնակ տաղանդավոր երգահան Վիլի Վայներին նվիրված ֆիլմը, որից հետո միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Ներսիսյանը դաշնամուրի վրա կատարեց մի քանի ստեղծագործություն: Հանդիպման վերջում վիրահայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գոհունակություն հայտնեց արվեստի մեծավարպետ գործիչներին՝ Հայարտուն այցելելու և համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ վիրահայ երաժշտասեր հասարակությունն, անշուշտ, կունենա հնարավորություն կրկին և կրկին ըմբոշխնելու մեծավարպետների տաղանդի հմայքը:

«Հայարտուն» մշակույթի կենտրոնի մամլո դիվան