Լուրեր
նորություններ/news

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով Ջավախքում անցկացվել են մի շարք միջոցառումներ (VIDEO)

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով Ջավախքում անցկացվել են մի շարք միջոցառումներ (VIDEO)
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի առիթով Սամցխե-Ջավախքում անցկացվել են մի շարք միջոցառումներ: Հիշատակի եւ պահանջատիրության գլխավոր նպատակը սահմանակից Թուրքիային հիշեցնելն էր իր մութ անցյալի մասին:

Ապրիլի 23-ին Ախալցխայի USAID–ի «Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում» Զորի Զորյանի անվան երիտասարդական միության Ախալցխայի մասնաճյուղի նախաձեռնությամբ բացվեց «XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը» թեմայով ցուցահանդես:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Ախալցխայի գամգեբելի Բեսիկ Բլիաձեն իր տեղակալներով, տեղական այլ իշխանությունների ներկայացուցիչները, Հասարակական կազմակերպությունների եւ կենտրոնական ու տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչները:

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը իր խոսքում կարեւորեց նման ցուցահանդեսի անցկացումը Ախալցխայում եւ նշեց, որ հայ ժողովրդի պայքարը թուրքական մերժողականության դեմ վերջ ի վերջո պսակվելու է հայ ժողովրդի արդար հաղթանակով եւ Թուրքիան ստիպված է լինելու ընդունել Հայոց Ցեղասպանության իրողությունը: Նա նաեւ նշեց, որ այն կարծիքը թե հայկական պահանջատիրությունը Ցեղասպանության 100 ամյակը լրանալով արժեզրկվելու է սխալական է, քանզի Ցեղասպանության հանցանքը վաղեմության ժամկետ չունի:

Ցուցահանդեսին ներկայացվել են 1915թ. Հայոց Ցեղասպանությանը վերաբերվող նկարներ, ականատեսների, մտավորականների եւ դեսպանների խոսքեր, որոնք հաստատում են Հայոց Ցեղասպանության իրողությունը:

Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո դեսպան Հովհաննես Մանուկյանը այցելեց Ախալցխայի Թումանայանի անվան թիվ 3 հանրային դպրոց, որտեղ դպրոցի տնօրինությունը Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում էր կազմակերպել:

Նույն օրը Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում անցկացվեց միջոցառում նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին:

Երիտասարդական կենտրոնի սաները պատրաստել էին փոքրիկ թատերական ներկայացում, ուր ներկայացվում էր գաղթական հայ կինը իր ցավով ու հիշողություններով:

Պատմաբան Վաչագան Ռստակյանն իր ելույթի խոսքում ներկայացրեց Ցեղասպանության որոշ դրվագներ և հայի պահանջատիրության կարևորությունը: Այնուհետև երեխաները պատմական ակնարկ կատարեցին 1915թ. ողբերգական իրադարձությունների մասին, ինչին հաջորդեց փաստավավերագրական ֆիլմի դիտումը:

Արդեն երեկոյան «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ Ախալցխայում եւ Ախալքալաքում մեկնարկեց ավանդույթ դարձած Ջահերով երթը:

Սամցխե-Ջավախքի երկու քաղաքներում էլ ջահերով երթերի ժամանակ ելույթ ունեցան «Զորի Զորյան» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր իրենց ելույթներում տեղական կառավարման և ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին կոչ արեցին, ոչ միայն հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին, այլև Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը բարձրացնել Վրաստանի խորհրդարանում, ինչը և հանդիսանում է նրանց պարտավորությունը:

Հաջորդ օրը` ապրիլի 24-ին, ջահերով երթ անցկացվեց նաև Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում: Երթին մասնակցում էին ոչ միայն գյուղացիները, այլև քաղաքից և հարակից գյուղերից եկած բազմաթիվ մարդիկ: Պահանջը նույն էր` ճանաչում , դատապարտում , հատուցում:

Ջահերով երթին նախորդել էր Բեժանոյի դպրոցում կազմակերպված միջոցառումն ու ցեղասպանության թեմայով ցուցահանդեսը: Երթը սկսվեց գյուղի դպրոցից և ավարտվեց եկեղեցում , ուր բոլորը միասին աղոթեցին անմեղ զոհերի հոգու հանգստության համար:

Նինոծմինդայում «Զորի Զորյան» երիտասարդական միության ակտիվ մասնակցությամբ տեղի է ունեցել պահանջատիրական երթ:

Ապրիլի 24-ի առավոտյան հոգեհանգստյան պատարագներ են մատուցվել Ախալցխայի եւ Ախալքալաքի եկեղեցիներում:

Պատարագի ավարտին Ախալցխացիների մեծ թափորը քաղաքի կենտրոնական փողոցներով բարձրացավ Մարդա թաղամաս, որտեղ եւ տեղադրված է Ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար-հուշակոթող:

Հուշարձանի մոտ ժողովուրդը ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դրեց ու աղոթք բարձրացրեց առ Աստված 1915թ. Ցեղասպանության զոհերի ոգիների հանգստյան համար, որից հետո ասվեցին բազմաթիվ խոսքեր դատապարտող Հայոց ցեղասպանությունը եւ հնչվեցին հայրենասիրական երգեր:

Պահանջատիրական բողոքի երթին մասնակցելու համար հայոց դպրոց չէին հաճախել դպրոցական աշակերտները, ովքեր չէին կարող հանդուրժել այն փաստը, որ դպրոցին չէին թույլատրել չորրորդ դասից հետո միանալ Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

http://akhaltskha.net/