Լուրեր
նորություններ/news

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները բողոքում են ՄԻԵԴ որոշման դեմ Դողու Փերինչեքի գործի առթիվ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները բողոքում են ՄԻԵԴ որոշման դեմ Դողու Փերինչեքի գործի առթիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Դողու Փերինչեքի գործի առթիվ ճանապարհ կբացի Հայոց ցեղասպանության ժխտման համար, ինչն անընդունելի է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը:

Նրա համոզմամբ՝ ՄԻԵԴ որոշումը Դողու Փերինչեքի գործի առթիվ շատ վտանգավոր որոշում է: «Իրականում այս որոշման  անհրաժեշտությունը չկար: Այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ այսօր կամ վաղը կհրապարակվի մեր բողոքն ընդդեմ այս որոշման», — ասել է Արա Թորանյանը: Նա ավելացրել է, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը մտադիր է ցույց անցկացնել, միջնորդագիր նույնպես հնարավոր է լինի, բայց վերջնական որոշում դեռ չի կայացվել, թե որ կառույցներին կուղարկվեն ՄԻԵԴ որոշման դեմ միջնորդագիրը:

«Գալիք տարվա հունվարի 25-ին եւ 26-ին Փարիզում եւ Ֆրանսիայի խոշոր քաղաքներում մենք բողոքի ցույցեր կկազմակերպենք, որպեսզի Թուրքիան չկարողանա Եվրոպական Միություն մուտք գործել»,- ընդգծել է Արա Թորանյանը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել է հակահայ թուրք գործիչԴողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ իր որոշումը հիմնավորելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքական կողմը հույս է հայտնել, որ այս որոշումը նախադեպ կհանդիսանա եւ հետ կպահի այն երկրներին, որոնք ցանկանում են քրեականացնել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտումը:

Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ, հակահայ գործիչ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության փաստը հրապարակայնորեն ժխտելու համար: Նրա կողմից ստեղծված «Թալեաթ փաշա» կազմակերպությունը պայքարում է Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:

Լուրեր Հայաստանից — NEWS.am