Լուրեր
նորություններ/news

Ֆրանսիայի հայերը հանդես կգան նախաձեռնությամբ՝ ընդդեմ Փերինչեքի գործով Եվրադատարանի կայացրած որոշման

Ֆրանսիայի հայերը հանդես կգան նախաձեռնությամբ՝ ընդդեմ Փերինչեքի գործով Եվրադատարանի կայացրած որոշման

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Դողու Փերինչեքի գործով կարող է միայն խթանել Հայոց ցեղասպանության ժխտման գործընթացիը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ մեկնաբանելով Եվրոպական դատարանի որոշումը հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործիչ Դողու Փերինչեքի օգտին: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ն:

«Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը զարմացած է, որ այս դատավճռում անտեսվում է Դողու Փերինչեքի պատկանելիությունը Թալեաթի կոմիտեին՝ Հայոց ցեղասպանության ժխտման արհեստանոցը, որը ստեղծվել է Անկարայի կողմից Եվրոպա եւ դրա սահմաններից դուրս «պաշտոնական պատմությունն» արտահանելու համար, որը Թուրքիան մեկ դարի ընթացքում պարտադրում է իր ժողովրդին: Խորհուրդը բարկանում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հենվում է թուրքական պետության ռեվիզիոնիստական քարոզչության վրա եւ դրա հիման վրա եզրակացություն է անում, որ ցեղասպանության որակավորման  հարցում չի կարող կոնսենսուս լինել: Խորհուրդը նաեւ չի կարող ընդունել անհավասար վերաբերմունքը ժխտման նկատմամբ անկախ նրանից, թե 20-րդ դարի երկու կարեւոր ցեղասպանություններից որի մասին է խոսքը, այն ժամանակ, երբ Եվրամիության շրջանակային որոշումը հրավիրում է բոլոր եվրոպական պետություններին օրենքներ ընդունել ցեղասպանությունների ժխտման քրեականացման վերաբերյալ:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը առաջիկա օրերին հանդես կգա մի շարք նախաձեռնություններով ի նշան բողոքի այս անարդար որոշման դեմ, որը կայացվել է գաղտնի՝ տոների նախաշեմին: Խորհուրդը հուսով է, որ Շվեյցարիան, չնայած վերջերս Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրմանը, բողոքարկելու է որոշումը, եւ այդ գործը կհանձնեն Դատարանի մեծ պալատին: Այդ դեպքում հայկական կողմը, որը բացակայել է առաջին ատյանում, կարող է արտահայտել իր տեսակետը թուրքական կողմի հետ հավասար պայմաններում եւ արդարության համարժեքություն կմտցնի, որը կշեռքի միայն մեկ նժարին է», — ասվում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել է հակահայ թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ իր որոշումը հիմնավորելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության փաստը հրապարակայնորեն ժխտելու համար:

Լուրեր Հայաստանից — NEWS.am