
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հարստացավ ևս մեկ հազվագյուտ նմուշով: Պրահայում բնակվող կինոսցենարիստ Հայկ Մարտիրոսյանը Լիխտենշտեյնում մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 110- ամյակին նվիրված Խաչատրյանի անվան տրիոյի մասնակցությամբ համերգի ավարտին տուն-թանգարանին նվիրեց իր հայրիկին՝ Կարլի համալսարանի դասախոս, հայտնի արևելագետ Նշան Մարտիրոսյանին Արամ Խաչատրյանի 1947 թվականի օգոստոսի 15-ին գրած նամակը:
Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Մարտիրոսեան, խնդրեմ ներեք ինձ կանչեցին մինիստր Նեեդլու մոտ հիւր: Նորից խնդրում եմ ներեք: Առավոտը ժամը 8 տվեք ինձ զանգ: Արամ Խաչատրեան»:
<
«Արամ Խաչատրյանի անվան տրիոն կոմպոզիտորի 110-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում մեկնել էր Պրահա շրջագայությունների: «Լիխտենշտեյն պալասում» մեր համերգը կազմակերպել էր Չեխիայում ՀՀ դեսպանությունը `ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Տոնական երեկոյի ընթացքում կատարեցինք Խաչատրյանի, Դվորժակի, Բաբաջանյանի ստեղծագործությունները: Այնուհետև համերգի վերջում մեզ անակնկալ մատուցվեց` Հայկ Մարտիրոսյանը տուն-թանգարանի արխիվին նվիրեց Խաչատրյանի նամակը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:
Թանգարանի տնօրենի հավաստմամբ` նամակը չափազանց արժեքավոր է, քանի որ այն գրված է հայերեն և դասական ուղղագրությամբ: «Խաչատրյանը հայերեն այնքան էլ շատ նամակներ չունի, և շատ ուրախալի է, որ այն հանձնվեց տուն-թանգարանին: Այժմ նամակն արդեն արխիվում է: Այս պահին դեռ ցուցադրված չէ, բայց անպայման կներկայացվի թեմատիկ ցուցադրությունների ընթացքում»,- հավելեց Գրիգորյանը:
<![]()
Այս նամակի արժեքը մոտավորապես գնահատվում է 5000-6000 դոլար: Անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն թանգարանը հիմնվել է 1978թ.: 1984 թ. հունվարի 23-ին բացվեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը:
ARMENPRESS.am