Լուրեր
նորություններ/news

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա անվանի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի համերգը

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա անվանի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի համերգը
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Դեկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա անվանի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի համերգը:

Yerkir.am-ի հետ զրույցում համերգի կազմակերպիչ, «TM Production»-ի տնօրեն Թովմաս Մարտիրոսյանը նշեց, որ Համասյանը Հայաստան է գալիս իր թիմով:

«Համասյանի հետ ելույթ կունենան Արենի Աբգարյանը /վոկալ/, Չարլզ Ալտուրան /կիթառ/, Քրիստոֆեր Տորդինին /բաս/ եւ Արթուր Հնաթեքը /հարվածային գործիքներ/: Համերգին կհնչեն Համասյանի նոր` «Ստվերների թատրոն» /Shadow Theater/ ալբոմում տեղ գտած ստեղծագործությունները: Սա, կարծես, Համասյանի նոր ալբոմի տուրը լինի, եւ Հայաստանը մեկն է այն երկրներից, որտեղ ներկայացվելու են այն»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ համերգն իրականացվում է դաշնակահար Արմեն Բաբախանյանի «Հայկական դաշնամուրային ստեղծագործությունների անթոլոգիա» նախագծի շրջանակներում, որը նախատեսում է ներառել հայկական կոմպոզիտորական դպրոցի զարգացման 150 տարին. նախագծի սահմաններում կթողարկվի շուրջ 120 ձայնասկավառակ:

«Սա արտառոց նախագիծ է, համերգից գոյացած ողջ հասույթը կհատկացվի այս նախագծի իրագործմանը, եւ կյանքի կկոչվի եւս երկու ձայնասկավառակ` Մակար Եկմալյան եւ Ռիչարդ Յարդումյան»,- ասաց Մարտիրոսյանը:

Ի դեպ, Համասյանի համերգի տոմսերն արժեն 8000-25 000 դրամ, դրանք Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տոմսարկղերում են հայտնվել երկուշաբթի, սակայն տոմսերը գրեթե սպառվել են:

Yerkir.am