Լուրեր
նորություններ/news

Խաչատրյանի ″Ջութակի կոնցերտը″ կմտնի իմ երգացանկ. Անդրեյ Բարանով

Խաչատրյանի ″Ջութակի կոնցերտը″ կմտնի իմ երգացանկ. Անդրեյ Բարանով
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի 110-ամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի»գալա համերգը: Համերգով հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` անվանի ջութակահար Անդրեյ Բարանովի հետ:

Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ համերգային ծրագրում կնհչեն միմիայն Խաչատրյանի ստեղծագործությունները: Ի դեպ, այս համերգային ծրագիրը երիտասարդական նվագախումբը կատարել է նաեւ Մոսկվայում:

«Կոմպոզիտորի հոբելյանին նվիրված փառատոնը մեծ ոգեւորությամբ անցավ. փառատոնը նպաստեց ոչ միայն Խաչատրյանի գործերի քարոզչությանը, այլ նաեւ մենք փորձեցինք ներկայացնել նրա գործերն այլ ֆորմատով: Խոստանում ենք, որ փառատոնը կլինի ամենամյա, ինչը շատ մեծ պարտականություն է, քանի որ փառատոնը պետք է ամուր հիմք ունենա, որպեսզի շարունակություն էլ ունենա»,-ասաց Սմբատյանը:

Խոսելով Բարանովի մասին` Սմբատյան ասաց, որ իրենք արդեն վերջինիս հետ համագործակցելու փորձ ունեն. նոյեմբերի 24-ին ՀՊԵՆ-ը Բարանովի հետ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում համատեղ համերգով է հանդես եկել:

Այսօր համերգին Բարանովը կատարելու է Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»: Երաժիշտը հավաստիացնում է` ստեղծագործությունը սովորել է հատուկ փառատոնին կատարելու համար:

«Ես վաղուց էի երազում Խաչատրյան կատարել եւ ահա այսօր ինձ տրվել է այդ առիթը: Կարծում եմ` այդ ստեղծագործությունը կմտնի իմ երգացանկ, քանի որ Խաչատրյանը բացառիկ կոմպոզիտոր է»,-ասաց ջութակահարը:

Բարանովը երաժշտական աշխարհ է մտնել նախքան ծնվելը, քանի որ, ինչպես պատմեց երաժիշտը, ծնվել է երաժիշտների ընտանիքում: Վերջինս երախտապարտ է իր ծնողներին, որ լավագույն երաժիշտների միջոցով իրեն սովորեցրել են հասկանալ եւ սիրել դասական երաժշտություն.«Իմ կյանքում երաժշտության դերի մասին դժվար է խոսել, ինձ համար ավելի հեշտ է կատարել այն, քան` խոսել դրա մասին»:

Ի դեպ, Բարանովը 2012-ին մասնակցել է Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթին եւ հաղթելով` ստացել է Ստրադիվարիուսի «Հագինս» ջութակը:

Yerkir.am