
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում այսօր՝ փետրվարի 5-ին, կկայանա հայ դասական երաժշտության համերգ՝ նվիրված Կիլիկիո թագավորության հռչակման օրվան:
Արվեստի կենտրոնից հայտնել են, որ ելույթ են ունենալու Հասմիկ Բաղդասարյանը (վոկալ), Ջուլիետա Վարդանյանը (դաշնամուր), Լուսինե Հարությունյանը (ջութակ), Յանա Դարյան (ալտ), Արամ Թալալյանը (թավջութակ): Ծրագրում հնչելու է՝ Շնորհալի, Կոմիտաս, Ա. Այվազյան, Ա. Խաչատրյան, Տ. Մանսուրյան, Ս. Զակարյան:
Կիլիկիան Հայաստանի պատմությունը հայկական բազմադարյան պատմության բովանադակալից մի ժամանակշրջան է՝ լի պատմական դեպքերով: Իր բուն հայրենիքից հեռու` Միջերկրական ծովի հյուսիս արեւելյան շրջանում, մեր ժողովուրդը կարողացավ ստեղծել մի թագավորություն, որը գոյություն ունեցավ երկու հարյուրամյակից ավելի եւ իր կարեւոր դերն ունեցավ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման, մշակույթային եւ տնտեսական զարգացման գործում:
Կիլիկյան Հայաստանի թագավորության շրջանում մշակույթը բուռն զարգացում է ապրել: Կիլիկիայի մշակույթը զարգացել է բուն Հայաստանի հետ փոխադարձ ու սերտ կապերի մեջ, հայ բազմադարյան մշակույթի ավանդույթների հիման վրա:
Հայտնի ռուս պատմաբան Վալերի Բրյուսովը իր աշխատությունների մեկում նկարագրում է Կիլիկյան Հայաստանը, որպես «մարդկության հոգեւոր կյանքի համաշխարհային կենտրոններից մեկը»:
«Հայաստանը՝ միջնադարի երկրորդ կեսին կարողացավ Արեւելքում ստեղծել իրական մշակույթի բնօրրան, որը կարողանում էր միայնակ մարտնչել ողջ Ասիայի հետ»,- գրել է նա:
Կիլիկիայում էին գործում ժամանակի հայտնի հայ արվեստագետներ, օրինակ հայտնի մանրանկարիչ Թորոս Ռոսլինը:
Կերպարվեստը բարձր զարգացման է հասել Կիլիկյան Հայաստանում, մասնավորապես մանրանկարչությունը։ Հատկապես մեծ համբավ ուներ այսպես կոչված «Կիլիկիայի Մանրանկարչության դպրոցը»։
Այդ դպրոցի սաներից էր աշխարհահռչակ մանրանկարիչ Թորոս Ռոսլինը, նշանավոր նկարիչներից են Կոստանդինը, Գրիգոր Մլիճեցին, Կիրակոսը։
Լուրեր Հայաստանից — NEWS.am