Նոյեմբերի 20-ին Դոնի Ռոստով քաղաքի հայ երիտասարդները նշեցին Երեւանի օրը, որն այս տարի դարձել է 2793 տարեկան: Համապատասխան կերպով զարդարված «Մյոդ» գիշերային ակումբի դահլիճը, որի կենտրոնում գտնվում էր Հայաստանի դրոշը, իսկ պատերին՝ տարբեր պլակատներ, լիովին արտացոլում էր ներկաների ազգասիրական ու հայրենասիրական տրամադրությունները: Խորհրդանշանակ էր միջոցառման բացումը, երբ վարողները հայտարարեցին պատմական մրցույթ՝ Երեւանի վերաբերյալ, որի անունը ծագում է Արգիշտի արքայի մ.թ.ա. 789 թվականին հիմնադրած Էրեբունի ամրոցից:
Միջոցառման պաշտոնական հատվածում ողջույնի խոսքով հանդես եկան եւ ներկաներին տոնի առթիվ շնորհավորեցին պատվո հյուրեր՝ Նոր Նախիջեւանի հայկական համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանը, Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոսության հյուպատոս Արման Աղաջանյանը եւ բժշկակամ գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Անդրեյ Խարախաշյանը:
Պաշտոնական հատվածը փոխարինած ծրագիրը հագեցած էր տարբեր մրցույթներով եւ Դոնի երիտասարդ ու տաղանդավոր հայերի ելույթներով: Նշենք, որ «Շալախո» պարի կատարման մեջ լավագույն զույգի ճանաչման համար անցկացված մրցույթը ապացուցել է, որ հայ երիտասարդությունը լավ ծանոթ է հայ ազգի պարային մշակույթին: Դա հաստատվեց նաեւ «Քոչարի» հաղթական պարի կատարմամբ, որը խորհրդանշում է հայ ժողովրդի միասնականության ոգին եւ, իհարկե, «Զարթնի՜ր, լաո» երգի բառերով ու երաժշտությամբ՝ նվիրված թուրք զավթիչների դեմ հայերի մղած ազգային-ազատագրական պայքարին:
Երեկոյի ավարտին ամենաեռանդուն ու ակտիվ հայ երիտասարդներին հաճելի անակնկալ էր սպասում՝ նվերներ միջոցառման կազմակերպիչներից եւ հովանավորներից: Նվեր է ստացել նաեւ երեկոյի ամենափոքր մասնակիցը՝ տասը տարեկան մի հայ աղջիկ, որը բաց չի թողել ոչ մի հայկական պար:
Բայց ամենամեծ նվերը Ռոստովի հայ երիտասարդների համար, անշուշտ, դարձել է տոնի անցկացումը, որի կազմակերպիչն էր Urartu Promo Group-ը: Միջոցառումից հետո Urartu Promo Group-ի ղեկավար Էդգար Մելքոնյանը, իր տպավորությունների մասին խոսելիս, ասաց. «Հայրենիքից հեռու գտնվելով՝ մենք շատ կարեւոր ենք համարում նման թեմատիկ երեկույթների անցկացումը, որոնք միավորում են երիտասարդներին, հնարավորություն տալիս նրանց շփվելու, ծանոթանալու, իրենց հետաքրքրությունները կիսելու եւ ամենագլխավորը՝ չմոռանալ մեր ազգային արժեքների մասին»: Էդգար Մելքոնյանը բարձր գնահատել է տոնի տեղեկատվական հովանավոր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության աջակցությունը՝ ընդգծելով, որ Սփյուռքում հեռուստաընկերության նման աշխատանքը համագործակցության էֆեկտիվ մեխանիզմ է:
Անտոնինա Դարչինյան՝ «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնի թղթակից