Դեկտեմբերի 3-ի ժամը 22-ին Դոնի Ռոստով քաղաքի Սեւեռնի շրջանում՝ իր տանից ոչ հեռու գտնվող «Վոլոգոդսկայա» կանգառի մոտ չպարզված անձանց կողմից հարձակման է ենթարկվել 20-ամյա Արամ Հայկյանը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ հղում կատարելով «Նասլեդիե» Ռուս-հայկական Լրատվական Կենտրոն Ռոստովի տարածաշրջանային կազմակերպությանը, կան ականատեսներ, որոնք պնդում են, որ հարձակումը կատարել է հինգ անձից բաղկացած մի խումբ՝ զինված մահակներով եւ դանակներով: Հարձակումը ուղեկցվել է ազգայնամոլական բնույթ կրող բացականչություններով:
Նշենք, որ այդ ժամանակ Արամ Հայկյանը զբոսնում էր իր ռուս ընկերոջ հետ, որին հարձակվողերը միանգամից նեղելով հէռացրեցին Արամից: Այժմ դանակի վերքեր եւ գանգա-ուղեղային վնասվածք ստացած Արամ Հայկյանը գտնվում է Դոնի Ռոստովի թիվ 2 շտապ օգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Նա արդեն տարել է երկու վիրահատություն:
Հայտնի է, որ իրավապահ մարմինները սկսել են դեպքի քննությունը եւ արդեն հարցաքննել վկաներին:
ՏԵՂԵԿԱՆՔ. Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի կողմից անցկացված ուսումնասիրության տվյալների համաձայն՝ այս տարվա սկզբից մինչեւ 2011 թվականի նոյեմբերի վերջը Ռուսաստանում արձանագրվել է ագրեսիվ քսենոֆոբիայի հողի վրա իրականացված 93 հարձակում եւ ընդհարում, որոնց արդյունքում զոհվել է 27 եւ տուժել 112 մարդ: Հարձակումները արձանագրվել են Մոսկվայում (9 զոհված, 29 տուժած), Դաղստանում (10 զոհված, 2 տուժող), Սանկտ-Պետերբուրգում (3 զուհված, 19 տուժած), Աստրախանի մարզում (1 զոհված, 12 տուժած), Արխանգելսկի մարզում (1 զոհված, 4 տուժած), Կրասնոդարի մարզում(1 զոհված), Յարոսլավլի մարզում (1 զոհված), Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում (1 զոհված), Տվերի մարզում (15 տուժած), Կալինինգրադում (5 տուժած), Ուֆայում (5 տուժած), Մեծ Նովգորոդում (3 տուժած), Կալուգայում (3 տուժած), Տոմսկում (3 տուժած), Սամարայում (2 տուժած), Տուլայում (2 տուժած), Ներքին Նովգորոդում (2 տուժած), Սվերդլովսկի մարզում (2 տուժած), Չելյաբինսկում (2 տուժած), Խակասիայում (2 տուժած), Նովոսիբիրսկում (2 տուժած), Կազանում (2 տուժած):, Յոշկար-Օլայում (2 տուժած), Բլագովեշենսկում, Վլադիվոստոկում եւ Դոնի Ռոստովում (2 տուժած):
Հարձակումների զոհ են դարձել դաղստանցիները (5 զոհված, 2 տուժած), հայերը (2 զոհված, 5 տուժած), ուզբեկները (2 զոհված, 5 տուժած), աֆրիկացիները (1 զոհված, 8 տուժած), ղրղզները (1 զոհված, 4 տուժած), ադրբեջանցիները (1 զոհված, 4 տուժած), թաջիկները (1 զոհված, 1 տուժած), վրացիները (1 զոհված), ռուսները (5 տուժած), հրեաները (3 տուժած), մյանմացիներ (ոչ պակաս քան 3 տուժած), թուրքերը (1 տուժած), էկվադորցիները (1 տուժած), չեչենները (1 տուժած), չինացիները (1 տուժած) էւ ֆիլիպինցիները (1 տուժած):