Դեկտեմբերի 14-ին, Դոնի Ռոստով քաղաքի թիվ 2 Շտապ բժշկական օգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժնում 11 օր մնալուց հետո գիտակցության է եկել Արամ Հայկյանը, որը դեկտեմբերի 3-ին հարձակման էր ենթարկվել անհայտ անձանց խմբի կողմից: Այդ մասին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնին տեղեկացրել է Ռոստովի ՌուսԱրմԻնֆոՑենտր «Նասլեդիե» տարածաշրջանային կազմակերպությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ի ժամը 22-ին Դոնի Ռոստով քաղաքի Սեւեռնի շրջանում՝ իր տանից ոչ հեռու գտնվող «Վոլոգոդսկայա» կանգառի մոտ անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել 20-ամյա Արամ Հայկյանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ հղում կատարելով Ռոստովի ՌուսԱրմԻնֆոՑենտր «Նասլեդիե» տարածաշրջանային կազմակերպությանը, կան վկաներ, որոնք պնդում են, որ հարձակումը կատարել է հինգ անձից բաղկացած մի խումբ՝ զինված մահակներով եւ դանակներով, իսկ հարձակումը ուղեկցվել է ազգայնական բնույթի բացականչություններով: Այդ ժամանակ Արամ Հայկյանը զբոսնելիս է եղել իր ռուս ընկերոջ հետ, որին հարձակվողերը միանգամից հեռացրել են Արամից: Սակայն Արամի ընկերը չի վախեցել ու չի փախել, ինչով մահից է փրկել մեր հայրենակցին: Այս ամբողջ ժամանակ դանակի վերքեր եւ գանգա-ուղեղային վնասվածք ստացած Արամ Հայկյանը գտնվում է Դոնի Ռոստովի թիվ 2 Շտապ օգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժնում:
Հայտնի է, որ իրավապահ մարմինները սկսել են դեպքի քննությունը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ քրեական գործը հարուցվել է Ռուսաստանի Դաշնության Քրեական Օրենսգրքի 111-րդ հոդվածով՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»: Նշենք, որ ռոստովյան մամուլում այդ դեպքի մասին դեռեւս որեւէ տեղեկություններ չկան: