Արսեն Բոբոխյանը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող է, պատմական գիտությունների թեկնածու, նաև` PhD դիպլոմ է ստացել Թյուբինգենի համալսարանից, Գերմանիա: Աշխատում է նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում:
Դեպի գիտություն իրեն ձգում է առաջինը` ոգևորությունը, երկրորդը` հետաքրքրասիրությունը, և «ինչ-որ անհասկանալի մի բան, որ դեռ չգիտեմ»: Նախասիրությունը ֆուտբոլն է: Ասույթներից կարևոր է համարում, երևի թե, այն մեկը, որում ասվում է, թե ուրիշի հետ պետք է վարվել այնպես, ինչպես կուզենայիր, որ քեզ հետ վարվեին. «Սակայն միշտ չէ, որ կարողանում եմ հետևել այդ մտքին»: Կյանքի ամենաշրջադարձային պահն է համարում 1988 թ.-ը, երբ հայրն իրեն առաջին անգամ տարավ Ազատության հրապարակ:
Զբաղվում է բրոնզի ու երկաթի դարի հնագիտությամբ, պեղումներ է կատարում երկու հուշարձաններում (Սոթք, Մարգահովիտ), հետազոտում է վիշապաքարերը: Հրատարակություններ ունի և՛ Հայաստանում, և՛ արտերկրում: Մասնակցել է գիտաժողովների Նյու Յորքում, Բեռլինում, Հռոմում, Էրզրումում, և այլն: Արձագանքներն ընդհանուր առմամբ նորմալ են, բայց դեռ սովորելու և անելու շատ բաներ կան:
Ընդգրկված է եղել մի շարք արտասահմանյան գիտական համագործակցություններում` հիմնականում գերմանական: Շատ բարձր է գնահատում համագործակցության արդյունքները. «Դրանք խիստ փոխշահավետ են: Միակ խնդիրն այն է, որ Հայաստանը դեռ չի կարողանում հավասար պայմաններով հանդես գալ արտասահմանյան գործընկերների հետ և ֆինանսական ակնհայտ կախվածության մեջ է»:
Ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում համարում է բավարար, և իհարկե, կարծում է, որ ավելի սերտ համագործակցությունն ավելի էական արդյունքների կարող էր հանգեցնել. «Ես կկարևորեի հայկական դրամաշնորհները (որոնք շատ քիչ են) և ոչ թե` միջազգային: Միջազգայինները մեզ ուղղակի կախվածության մեջ են գցում: Դրանք չեն զարգացնում որևէ կառույցի ինֆրաստրուկտուրան: Համակարգ ունենալու համար անհրաժեշտ է հենվել սեփական ուժերի վրա»:
2010 թ. ստացել է ՀՀ ԳԱԱ, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակը «Հաղորդակցությունը և փոխանակությունը Կովկասի և Տավրոսի միջև ընկած լեռնաշխարհում, Ք.ա. մոտ 2500-1500 թթ., հատ. 1-2, Օքսֆորդ 2008» մենագրության համար: 2011թ. ստացել է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջազգային խորհրդի մրցույթի առաջին մրցանակը` «Հումանիտար և հասարակական գիտություններ» անվանակարգում. «Շատ շնորհակալ եմ գնահատման համար»:
Ունի հոդվածներ, որոնցում երկու հեղինակներով են, կան այնպիսինները, որոնցում մինչև հինգ հեղինակ է. «Իմ անձնական ներդրումը տարբեր է` երբեմն՝ շատ, երբեմն՝ քիչ: Համենայն դեպս, հնագիտությունն այսօր միջմասնագիտական է, և այլևս դժվար է միայնակ խնդիրներ լուծել»:
Արսենի հետ զրուցեցինք Հայաստանում գիտության վիճակի, դրա կազմակերպման հարցերից, երիտասարդ գիտնականների խնդիրներից։
Հայաստանում գիտության նկատմամբ վերաբերմունքը համապատասխանում է մեր պետական այրերի մակարդակին, որոնք թելադրում են հասարակական իդեալները: Չի գիտակցվում գիտության անհրաժեշտությունը` որպես հասարակության կարգավորման ռազմավարական գործիք, կամ դա արվում է միայն խոսքով: Գիտությունը զարգացնելու համար պետք է բարձրացնել գիտնականի վարկը, որն այսօր խիստ ընկած է: Պետք է ստեղծել մրցունակ միջավայր, որը կգնահատվի հոգեպես և նյութապես:
Տարատեսակ մրցանակներն ու խրախուսական մրցանակաբաշխությունները դրական ակցիաներ են, բայց համակարգային փոփոխություններ չեն մտցնում: Ավելի լավ է 100 ուսանողների փոխարեն համալսարաններ ընդունվեն 10-ը, որոնք կապահովվեն աշխատանքով պետության կողմից, քան գիտակցաբար արտադրվեն հազարավոր գործազուրկներ, իսկ պրոբլեմները գիտության բնագավառում սվաղվեն մրցանակներով:
Ինդեքսավորվող ամսագրերում տպված լինելը խիստ սուբյեկտիվ է: Ինդեքսավորման ցանկում չկան բազմաթիվ դասական ամսագրեր: Ի վերջո այդ համակարգը կարող է կիրառելի լինել միայն բնական գիտությունների համար: Չափանիշները պետք է ընտրվեն՝ ըստ կատարած աշխատանքի որակի (որը պիտի ստուգվի բարձրակարգ մասնագետների կողմից) և ոչ թե՝ որտեղ է այդ աշխատանքը տպվել և ինչքան է: Ի վերջո աշխատանքների քանակը չէ, որ բնորոշում է գիտնականին այլ նրա որակը:
Ազդեցության գործակից կոչեցյալին ես չեմ հավատում:
Փորձարարները բողոքում են, որ մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և փորձարարներին. -Շատ ճիշտ դիտարկում է: Օրինակ, հնագիտության բնագավառում լուրջ հոդված գրելու համար պետք է շատ երկար աշխատել, նախ՝ պեղել, հետո՝ դասակարգել, համեմատել, գծանկարել, լուսանկարել, ևն, ինչը շատ ժամանակ է խլում: Նորից կրկնեմ՝ կարևորը որակն է: Պետք է հաշվի չառնել, որ մեկն ունի 10 հոդված մյուսը` 2: Կարևորն այն է, թե ինչէ գրված այդտեղ: Մեկ էջում կարելի է ավելին ասել, քան հազարում:
Մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս՝ միշտ դժվարություն է առաջանում կոլաբարացիաների շրջանակներում կատարված աշխատանքները գնահատելիս. -Այսօր գիտությունը միջմասնագիտական է, այն այլևս մեկ մարդով չի կարող կատարվել: Հետևապես, պետք է հաշվի առնել, տվյալ անհատի կատարած դերը տվյալ հայտնագործության մեջ:
Հայաստանում երիտասարդ գիտնականները նախ և առաջ ապահովված չեն ֆինանսապես: Նրանք աշխատում են տարբեր տեղերում և շատ հաճախ գիտությանը վերաբերում են որպես հոբիի: Բացի այդ, երիտասարդ գիտնականն այսօր հնարավորություն չունի՝ լինելու անկախ: Պետք է ստեղծել մրցակցային միջավայր, որտեղ լավագույնները կլինեն քիչ, բայց կվարձատրվեն շատ ու կունենան հնարավորություն` լինելու անկախ: Իսկ այն թյուր կարծիքը, թե բոլորը պիտի ավարտեն համալսարան և ունենան թեկնածուի կոչում, արդի մեր իրականության ստեղծած միֆն է, որի տակ մի քանիսը դառնում են միլիարդատեր, իսկ սերունդը` այլասերված: Այս իմաստով գիտությունն ու կրթությունն այսօր Հայաստանում պատկանում են առավելապես բիզնեսի ոլորտին: Մենք արհեստավորների և սովորական մասնագիտությունների կարիք ավելի ունենք մեր հասարակության մեջ, քան հազարավոր ԲՈՒՀ ավարտած և կեղծ գիտնականների:
Գիտնականի ու միջին քաղաքացու միջև, այո, կա որոշակի տարբերություն: Այո, գիտնականը իր խցում առանձնացած արարում է: Բայց նա նաև քաղաքացի է և պետք է արտահայտի իր դժգոհությունը: Գիտնականի և քաղաքացու միաձուլմամբ ի հայտ է գալիս մտավորականը: Այս իմաստով դրական են ամեն տեսակ ընդվզումները: Սակայն վիրտուալ աշխարհը պետք է փոխադրել իրականություն:
Վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ, այո, տեսնում եմ: Սակայն դրանք սիստեմատիկ չեն, դրանք լուծում կամ ավելի շուտ` քողարկում են առանձին խնդիրներ, բայց դրանից էական ոչինչ չի փոխվում:
Կոռուպցիան ինչ-որ չափով կա նաև գիտական աշխարհում, և ոչ միայն Հայաստանում։ Բնականաբար կլինեն նաև տուժածներ: Ես ինքս նման իրավիճակների հետ չեմ առնչվել: Ես շատ շնորհակալ եմ իմ ուսուցիչներին և՛ Հայաստանում, և՛ Գերմանիայում, որոնք ամեն ինչում ինձ օգտակար են եղել, և իմ հաջողությունների մեծագույն մասն իրենց շնորիվ է:
Արտասահմանում և Հայաստանում գիտական աշխատանքի պայմաններն իհարկե շատ տարբեր են։ 1999-2006 թթ. սովորել եմ նախ՝ Մյունխենի, ապա՝ Թյուբինգենի համալսարաններում: Տարբերությունն իրոք շատ մեծ է. հարուստ գրադարաններ, իսկապես գիտական մթնոլորտ համալսարաններում: Այնտեղ ես գնացել եմ համալսարան, ինչպես իմ տուն: Հայաստանում այդ մթնոլորտը չկա: Մեր համալսարանը նման է մի մեծ մանկապարտեզի, որտեղ հիմնականում հավաքված են «ուսանողներ», որոնք չգիտեն, թե ինչ են ուզում կյանքից (և սա ոչ իրենց մեղքով, այլ համակարգի, որ ստիպում է նրանց «սովորել», քանի որ այն եկամտաբեր բիզնես է): Բայց կան երջանիկ բացառություններ, որոնց համար ես միշտ գնում եմ համալսարան և հավատում եմ մեր ապագային:
Գենդերային պրոբլեմներ գիտական աշխարհում իրականում չկան: Կան տղամարդ և կին, որոնք ուղղակի տարբեր են իրենց էությամբ: Չեմ կարծում, որ կինը պրոբլեմներ ունենա գիտության բնագավառում միայն այն բանի համար, որ կին է: Կնոջ պրոբլեմն այն է, որ նա մայր է, իսկ մոր համար դժվար է առաջնային համարել մեկ այլ բան, քան իր երեխան է:
PostDoc համակարգի ներդրումը Հայաստանում շատ լավ կլիներ: Բայց դրսում այդ PostDoc-երը նորմալ աշխատավարձ են ստանում: Եթե իրենք Հայաստանում շարունակելու են այնպես, ինչպես Doc-ի ժամանակ, կամ գիտության թեկնածու դառնալիս, ո՞րն է այդ ինստիտուտի նպատակը:
Ապագաս տեսնում եմ միայն Հայաստանում, որի հողը ինձ մեծ էներգիա է տալիս և ապահովության զգացում: Արտասահմանում կան լավ գրադարաններ, լավ տեխնիկա, լավ գիտական միջավայր, սակայն այդ ամենը բավարար չէ երջանիկ լինելու համար:
Հետգրություն։ Ճիշտ է, վերևում ես քննադատեցի աշխատավարձի քիչ լինելը և նման բաներ, սակայն դրանք քաղաքացիական ընդվզման ձևեր էին. ինձ թվում է, որ գիտնական լինելն իրականում կոչում է և ո՛չ մասնագիտություն: Այն կախված չէ ո՛չ պետությունից, ո՛չ հասարակությունից, ո՛չ ժամանակից, ո՛չ տարածությունից: Այն մի բան է, որն իր մեջ է: Հատևապես, այն մաքուր է իր էությամբ, այն բիզնես չէ (ինչի վերածվում է դժբախտաբար): Իսկական հայտնագործություններին և ձեռքբերումներին իրականում խանգարում է փողը. այն միայն միջոց է: Նրանք, ովքեր սիրահարված են, զգում են իրենց մեջ առաքելություն և ներքին անհրաժեշտություն, թող գնան դեպի գիտելիք, իսկ նրանք, ովքեր իրենց լավ չեն զգում այդտեղ, թող չմտնեն համալսարան կամ ակադեմիա և չծանրաբեռնեն իրենց գոյությունն ավելորդությամբ, այլ թող փնտրեն այլ ուղիներ կյանքում. գիտելիքը միայն մեկ ճանապարհն է գոյություն ունեցող բազմաթիվ ճանապարհներից:
.
Մանե Հակոբյան