Հայկական և ադրբեջանական տեղեկատվական մի շարք աղբյուրներ լծվել են հայ և ռուս ժողովրդի կապերի ամրապնդման ջատագով ռուսաստանցի պոետ Վիկտոր Ալեքսանդրովի դեմ կեղտոտ քարոզչությանը: Ռուսաստանի հայկական մի շարք կազմակերպություններ խստորեն դատապարտում են ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր լցնող հայկական որոշ կայքերի գործունեությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցի Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդից (ՌՀԿԿԽ), 2013-ի վերջին ամիսներին Ռուսաստանի շատ հայեր ծանոթացել են պետերբուրգցի գրող Վիկտոր Ալեքսանդրովի աշխատություններին, մասնավորապես «Հայաստան: Ցեղասպանությունից մինչև միացում» բանաստեղծությունների ժողովածուին: Պետերբուրգցի պոետը ելույթ է ունեցել Ռուսաստանի հայկական բազմաթիվ համայնքներում՝ միտված ինչպես Ռուսաստանում հայ և ռուս ժողովուրդների, այնպես էլ ռուս- հայկական միջպետական և մշակութային կապերի ամրապնդմանը: Վիկտոր Ալեքսանդրովի հասարակական գործունեությունը և հատկապես նրա բանաստեղծությունները կտրուկ արձագանք են ստացել Ադրբեջանում, ինչն ակնկալելի էր: Պոետին և ռուս-հայկական հարաբերություններին ուղղված ադրբեջանական ԶԼՄ-ների ստի և ցեխի հոսքերը չեն դիմանում ոչ մի քննադատության, չնայած դրա կարիքը բնավ չունեն և միայն հաստատում են Վիկտոր Ալեքսանդրովի ընտրած ստեղծագործական ուղու ճշմարտացիությունը:
«Սակայն ծայրահեղ զարմանք և զայրույթ է հարուցում այն հանգամանքը, որ հայկական մի շարք տեղեկատվական հարթակներում, ինչպես նաև սոցիալական ցանցերի որոշ էջերում հայտնվել են ադրբեջանական գրչակների համախոհներ՝ սադրիչ և ստահոդ հոդվածներով կրկնելով ադրբեջանա-թուրքական քարոզչության թեզերը»,- հայտնեցին խորհրդից:
Հոդվածները ոչ միայն վիրավորում են Վիկտոր Ալեքսանդրովի անձը, այլև նպատակ են հետապնդում միմյանց դեմ տրամադրել հայերին և ռուսներին: Պատահական չէ, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն արտատպել են հայկական հարթակներում տեղակայված այդ նյութերը:
«Այս ամենի հետ կապված, Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդը Վիկտոր Ալեքսանդրովին համարում է ռուս ժողովրդի արժանի զավակ և հայ ժողովրդի մոտ ընկեր: Խորհուրդն աջակցություն է հայտնում ռուս-հայկական դարավոր բարեկամությունն ամրապնդելու ուղղությամբ նրա ստեղծագործական և հասարակական գործունեությանը»,- հայտնեցին կազմակերպությունից:
Միաժամանակ, ՌՀԿԿԽ-ն խստորեն դատապարտում է «am» տիրույթում գոյություն ունեցող և ադրբեջանա թուրքական քարոզչության դրույթները կրկնող կայքերի, ինչպես նաև հակահայկական ու հակառուսական գործունեություն ծավալած քաղաքական պրովոկատորների քայլերը:
ARMENPRESS.am