ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանը ողջունել է համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին և հյուրերին, նշելով, որ իր 15-ամյա պատմության ընթացքում, ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը, համահայկական խաղերը հուշում են, որ պահանջված են:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել և այս 15 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի խաղերը կայանան և ընդգծել, որ այսօր վստահությամբ կարելի է փաստել, որ համահայկական խաղերը կայացել են:
«Համահայկական խաղերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն. ակնհայտ է, որ այդ խաղերն ամրապնդում են Հայրենիք- Սփյուռք կապը, որ այդ խաղերը հնարավորություն են տալիս հազարավոր հայ երիտասարդների, առողջ ապրելակերպ դավանող մարդկանց ծանոթություններ հաստատել, և ժամանակակից աշխարհում այս հանգամանքը չափազանց կարևոր է»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ մաղթելով մասնակիցներին արդար մրցակցություն, թեժ պայքար ու մարզական հաջողություններ և համահայկական ձմեռային առաջին խաղերը հայտարարել բացված:
ARMENPRESS.am