Վազգեն Սարգսյան. Գիտական դպրոցներն ու գիտական պոտենցիալն արագ վերականգնել հնարավոր չի լինի
Վազգեն Սարգսյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, աշխատում է Երևանի պետական համալսարանի Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնում (ՀՀՄԿ)։ Զբաղվում է տեսական միջուկային ֆիզիկայով, ավելի կոնկրետ՝ ծանր իոններով միջուկային ռեակցիաների մեխանիզմների բացահայտման, նոր գերծանր միջուկների ստացման և այդ միջուկների կառուցվածքի ուսումնասիրությամբ. «Քանի որ նշված խնդիրները շատ ծավալուն են, և ստացված արդյունքները ողջ գիտական խմբի հետազոտությունների արդյունքն են, ապա չի կարելի հաջողությունները վերագրել միայն ինձ: Իսկ հաջողություններ իրոք արձանագրել ենք, քանի որ մեր կողմից առաջարկված տեսական մոտեցումները գտել են իրենց փորձարարական ապացույցները, և ընդունված են ամբողջ գիտական հանրության կողմից»:









