Լուրեր
նորություններ/news

«Իրավիճակը Սիրիայում». Հայաստանի երեք համալսարանների ուսանողները մասնակցել են ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովին

«Իրավիճակը Սիրիայում». Հայաստանի երեք համալսարանների ուսանողները մասնակցել են ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովին
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Երկօրյա ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովի ընթացքում, որը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 15-ին,  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, ավելի քան 70 ուսանողներ կներկայացնեն ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի (ԸՎ) առաջին երեք հիմնական կոմիտեների (առաջին կոմիտե՝ Զինաթափման եւ միջազգային անվտանգության, երկրորդ կոմիտե՝ Տնտեսական եւ ֆինանսական եւ երրորդ կոմիտե՝ Սոցիալական, մարդասիրական եւ մշակութային) աշխատանքի դերախաղը: Խորհրդաժողովի օրակարգի հարցն է «Իրավիճակը Սիրիայում»:

Սույն խորհրդաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության եւ երեք համալսարանների կողմից՝ Երեւանի պետական համալսարանի, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի եւ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի համատեղ ջանքերով:

Ուսանողները, խաղալով դիվանագետների դերեր, կներկայացնեն իրենց համապատասխան երկրների դիրքորոշումները օրակարգային հարցի շուրջ: Առաջին օրը երեք զուգահեռ նիստերում ուսանողները կաշխատեն նշված կոմիտեներում՝ պատրաստելով երեք առանձին որոշման նախագծեր, իսկ երկրորդ օրը՝ Ընդհանուր վեհաժողովի լիագումար նիստում միասին կքննարկեն վերջնական բանաձեւը:

Նախքան համաժողովը մասնակիցների հետ անց են կացվել  դասընթացներ` ՄԱԿ-ի ԸՎ գործառույթների եւ կառուցվածքի,  ընթացակարգի, ինչպես նաեւ Սիրայում տիրող բարդ եւ մարտահրավերներով լի իրավիճակի մասին: ՄԱՀՏՎ աշխատակիցները, ՄԱԿ-ի Մոդել-խորհրդաժողովի մեծ փորձ ունեցող ՄԱՀՏՎ նախկին կամավորները, ինչպես նաեւ այլ համապատասխան փորձագետներ նախապատրաստման ամբողջ շրջանում ուղղորդել են մասնակիցներին:

ՄԱԿ-ի Մշտական համակարգողի պաշտոնակատար՝ Հենրիետ Արենսը խորհրդաժողովի բացմանը նշեց. «Երիտասարդներն ավելին սովորեցին Սիրիայի հարցում ՄԱԿ-ի եւ ԸՎ-ի առաջատար դերի մասին: Նրանք հասկացան, թե ինչպիսի մեծ պատասխանատվություն է նախապատրաստել իրենց կողմից ներկայացվող  համապատասխան երկրի  դիրքորոշումը, պատշաճ կերպով հնչեցնել այն, բանակցել եւ ընդհանուր եզրեր գտնել այլ անդամ-պետությունների հետ՝ հաշվի առնելով հնարավոր հետեւանքները ոչ միայն իրենց երկրի եւ տարածաշրջանի, այլեւ ամբողջ մոլորակի համար: Ես ուրախ եմ, որ երիտասարդները հասկացան, թե որքան վճռորոշ եւ նրբանկատ պետք է տարվեն քաղաքական բանակցությունները զինված հակամարտության ժամանակ, երբ վտանգված են մարդկային կյանքեր, այդ թվում ամենախոցելի խմբինը՝՝ կանանց ու երեխաներինը»:

Խորհրդաժողովի պաշտոնական բացմանը ԱԳՆ եւ երեք համալսարանների ներկայացուցիչները խրախուսեցին երիտասարդներին հետագայում եւս շարունակել իրենց հետազոտությունը՝ խաղաղության եւ անվտանգության հարցում ՄԱԿ-ի կատարած դերն ավելի լավ հասկանալու եւ անձնապես նպաստելու ՄԱԿ-ի՝ խաղաղության, հանդուրժողականության եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի արժեքների հաստատմանը:

ՄԱԿ-ի մոդելի մասնակից՝ Անի Դավթյանը, ով ներկայացնում էր Սիրիան, ասաց. «Սա երկրորդ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովն է, որին ես մասնակցում եմ: Կարծում եմ, որ այս խորհրդաժողովները օգտակար գործիքները են, որոնք օգնում են առավել լավ հասկանալ ՄԱԿ-ի համաշխարհային օրակարգի մարտահրավերները: Ես տպավորված եմ իմ հասակակից մասնակիցների ոգեւորվածությամբ ու խանդավառությամբ եւ հպարտ՝ մեր հետազոտությունների եւ ելույթների արդյունքներով»:

Խորհրդաժողովի ավարտին մասնակիցներն իրենք կընտրեն «Լավագույն պատվիրակներին», իսկ կազմակերպիչները պատվիրակությունների լավագույն դիրքորոշում սեղմագիրը: Նրանք կստանան ՄԱԿ-ի կողմից պատրաստված հուշանվերներ, իսկ մյուս բոլոր մասնակիցները կստանան « Գնահատանքի հավաստագրեր»: Այս հաղթողների բալերի գումարային արդյունքով էլ կհայտարարվի հաղթող համալսարանը:

ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովները ՄԱԿ-ի մարմինների դերախաղ են, որի ընթացքում մասնակիցները ներկայացնում են ՄԱԿ-ի տարբեր անդամ-պետություններ եւ քննարկում համաշխարհային նշանակության հարցեր: ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովները մեծ ժողովրդականություն են վայելում երիտասարդության  շրջանում ՄԱԿ-ի շատ անդամ-պետություններում: Հայաստանում ՄԱԿ-ի մոդել -խորհրդաժողովները անց են կացվում 2001 թվականից:

Լուրեր Հայաստանից — NEWS.am