«Հայոց Պետականությունը Միասնության Առանցք» Լրագրողների Համահայկական 8-րդ Համաժողովի Հայտարարությունը
2016 հոկտեմբերի 20-24, Երևան – Ստեփանակերտ
ՀՀ-ի և ԼՂՀ-ի հիմնադրության 25-ամյակին նվիրված «Հայոց պետականությունը միասնության առանցք» խորագրով լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի աջակցությամբ։
Համաժողովը հանգամանորեն քննարկեց հետևյալ խնդիրները
- Համահայկական տեղեկատվական միասնական ցանցի ձևավորման կառուցակարգերը և լրատվամիջոցների համագործակցության ուղիները` ճգնաժամային պայմաններում:
- ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների և սփյուռքյան կառույցների համագործակցության ուղիները:
- Սփյուռքի ներուժի ներգրավումը ՀՀ պետականաշինության գործում:
- Հեռուստատեսության, ռադիոյի և էլեկտրոնային մամուլի համագործակցության հեռանկարները:
- Հայկական սփյուռքի գործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում:
- Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության համակարգի հետ առնչվող խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ներում
Լրագրողների համաժողովը հաստատեց, որ համաժողովների հետևողական քննարկումները, ՀՀ-Արցախ-Սփյուռք համագործակցության խնդիրների շուրջ համահայկական լրատվամիջոցների համախմբումը հանգեցրին գործնական արդյունքների. Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում դրսևորելով միասնական հզոր ուժ և պատասխանատու վարքագիծ՝ հայկական լրատվամիջոցները, մոտ 10 ժամ կաթվածահար անելով հակառակորդի լրատվամիջոցների գործունեությունը, աշխարհին մատուցեցին արցախյան իրադարձությունների վերաբերյալ ճշմարիտ տեղեկատվություն։
Համաժողովը առաջնային համարեց՝
1. Աշխատանքները նպատակաուղղել Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջազգային վարկի բարձրացման, Հայաստանի և հայության մասին համաշխարհային տեղեկատվական տարածքում դրական կարծիքի ու կերպարի ձևավորման ուղղությամբ։ Այդ նպատակով համագործակցել բազմազգ ընթերցողներ ունեցող երկրների օտարալեզու լրատվամիջոցների լրագրողների հետ և հնարավորինս հաճախակի դարձնել նրանց այցելությունները Հայաստան։
2. Հայ լրագրողական մարդուժի ցանցային հնարավորությունների լիարժեք օգտագործման և լրագրողական մասնագիտական ներուժի համախմբված աշխատաոճի որդեգրման և զարգացման, պետական և համազգային տեղեկատվական ռեսուրսների լիարժեք օգտագործման միջոցով արդի տեղեկատվական ահռելի հոսքը նպատակաուղղել ի նպաստ հայի և Հայաստանի:
3. Հայկական ԶԼՄ-ները իրենց առաքելության մէջ այսուհետ ևս էական տեղ պետք է հատկացնեն տարբեր ձևերով հայոց հարուստ և հնամենի պատմության ու մշակույթի պահպանմանը և հանրահռչակմանը, ինչպես նաև հայապահպանության, հատկապես Հայոց լեզվի անաղարտ պահպանման համար նոր միջոցներ որդեգրելուն:
4. Շարունակել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանը և հետևանքների վերացմանը նպաստող տեղեկատվության, Հայ դատի, Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված զարգացումների լուսաբանումը, վերլուծել և համակարգել լրատվամիջոցներում առկա փաստական նյութերը:
Համաժողովի մասնակիցները որոշեցին
- Համահայկական լրատվամիջոցներով սկսել «Դո՛ւ ի՞նչ ես արել Ղարաբաղի համար» խորագրով շարժում՝ ողջ աշխարհի հայությանը հանձնառու դարձնելու ԼՂՀ-ին օգնելու, ներդրումները խթանելու, ԼՂՀ-ի սոցայալ տնտեսական, գիտակրթական և մշակութային կյանքը առավել զարգացնելու առումով։
- Քարոզել, ներկայացնել և հետևողականորեն բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը
- Միջոցներ գտնել օտարալեզու մամուլի ներկայացուցիչներին գործուղելու Ղարաբաղ՝ ճշմարտությունը աշխարհին ներկայացնելու համար։
- Նպատակաուղղված աշխատանքներ տանել հայաստանակենտրոն Սփյուռքի մասնագիտական կազմակերպման, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և Հայրենիքի հզորացման համար, Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի ջանքերը մեկտեղելու համար։
Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներ