Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի Երեւանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին «Արմենպրեսս»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի` վերջերս կատարած հայտարարությունները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
«Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երեւան այցելելուց առաջ Թուրքիայի արտգործնախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը եւ Երեւանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին»,- նշել է ԱԳ փոխնախարարը:
«Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց որեւէ նախապայմանի վավերացնելով եւ կյանքի կոչելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»,- նշել է Քոչարյանն ու հավելել. «Եթե Թուրքիան ձգտում է էլ ավելի արագացնել տարածաշրջանի երկրների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման գործընթացը, ապա նա պետք է ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը եւ բացի իր կողմից փակված հայ-թուրքական սահմանը»: