Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան հայ–թուրքական հարաբերությունների համար բեկումնային չի դառնա, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ծրագրում է մասնակցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) արտաքին գործերի նախարարների 29–րդ հանդիպմանը, որը դեկտեմբերի 12–ին կկայանա Հայաստանի մայրաքաղաքում։
«Հասկանալի է, որ Հայաստանի հասարակական–քաղաքական դաշտում որոշ սպասումներ կան այդ այցից, բայց միաժամանակ չի կարելի բեկումնային գործընթացներ ակնկալել հայ–թուրքական հարաբերություններում, քանի որ չկա արմատական փոփոխությունների որևէ նախադրյալ երկու երկրների քաղաքական մոտեցումներում»,– չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Մինասյանը։
Քաղաքագետը միաժամանակ նշեց, որ Թուրքիան պետք է շտկի իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կամ Հայոց ցեղասպանության հարցում` հաշվի առնելով արտաքին քաղաքական ձախողումները և տարածաշրջանում դիրքերի թուլացումը, սակայն, փորձագետի կարծիքով, Թուրքիան, այնուամենայնիվ, պատրաստ չէ արմատական քայլերի։
Փորձագետը միաժամանակ չբացառեց Դավութօղլուի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման հավանականությունը։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: Արձանագրությունների ստորագրման հարցը գտնվում է սառեցված վիճակում։
Նովոստի–Արմենիա