Թուրքական հայտնի T24.com կայքը եւս բաց նամակ է հղել օրեր առաջ հակահայկական հայտարարություն արած KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ, PKK-ի անվանափոխված տարբերակ-խմբ) կին համանախագահ Բեսե Հոզաթին: Բեսե Հոզաթը հայտարարել էր, թե հայերը եւ հույները Թուրքիայում զուգահեռ պետություն ունեն եւ խանգարում են Թուրքիայի ժողովրդարացմանը:
T24.com.tr-ի բաց նամակում խիստ քննադատություն է հնչել Թուրքիայում մի կերպ իրենց գոյությունը պահպանող հայերի, հույների եւ հրեաների դեմ Բեսե Հոզաթի արած հայտարարությանը։
«Եթե ձեր արած հայտարարությունը Հրանտ Դինքը լսեր, գերեզմանի մեջ շուռ կգար։ Հույն ընթերցողների բացակայության պատճառով հունարեն «Ապոյեվմատնի» թերթը փակած Միխաիլ Վասիլիդասը զարմանքից ուղղակի ծիծաղել է...։
Թուրքիայում ընդհանուր 60 հազար հայերի ու 3 հազար հույների մեջից «զուգահեռ պետություն» կառույցում դուք եք հարմարացրե՞լ, թե՞ որոշներն են ձեզ խաբել։
Ձեր հայտարարությունը լուրջ մեղադրանք է եւ անպայման ապացույց կամ վստահելի փաստաթղթեր են անհրաժեշտ։ Դուք ունե՞ք այդ փաստերը։
Եթե՝ ոչ, ապա ինչպե՞ս եք նման սարսափելի բան ասում»,-ասվել է T24.com.tr-ի նամակում։
Նշենք, որ որ Բեսե Հոզաթը ասել է, թե Թուրքիայում պաշտոնական պետությունից բացի կան նաեւ զուգահեռ պետություններ՝ օրինակ բերելով, որ Գյուլենի շարժումը զուգահեռ պետություն է։ «Հրեական լոբին, ազգայնական հայերը եւ հույները նման մեկական զուգահեռ պետություններ են։ Նման զուգահեռ պետությունները միմյանց հետ կապի մեջ են եւ շահեր ունեն միմյանցից։ Զուգահեռ պետությունները չունեն պաշտոնական եւ սահմանադրական իրավունքներ, ինչպես երեւում է չունեն նաեւ զորք, բայց ունեն կազմակերպված եւ ուժեղ կառույց»,-ասել է քուրդ կին զինյալը՝ պնդելով, թե այդ զուգահեռ պետությունները Թուրքիայում ժողովրդավարություն հաստատմանը խանգարում են։