Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում, հովհանավորությամբ ՀՀ մշակույթի նախարարության, կայացավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» երգի և երաժշտական գործիքների համույթի համերգը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակին: Համերգին ներկա էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր հայրեր, եկեղեցու ծառայողներ, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, թբիլիսահայ արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Հանդիսատեսին ողջունեց և հոբելյանական տարվա նշանավորումը Թբիլիսիում կարևորեց Վրաստանում ՀՀ դեսպանի խորհրդական՝ Լևոն Թորգոմյանը:
Բաբաջանյանական հոգեթով երաժշտության երկրպագուները ջերմորեն ընդունեցին համույթի մեներգիչներ՝ բազմաթիվ փառատոների դափնեկիր Սվետլանա Տատոևայի, Նադի Զախարյանի, Նինա Կարապետյանի, Աննա Պողոսովայի, Անահիտ Հարությունյանի, Հենրիխ Պետրոսյանի, դուդուկահար Վանո Մկրտչյանի ելույթները: Համերգին հրավիրված դաշնակահար Եսայի Աբովյանը և ջութակահար Արմեն Գյոնջյանը հնչեցրին Առնո Բաբաջանյանի կողմից տարբեր տարիների և տարբեր առիթներով գրված անմոռաց և սրտառուչ երաժշտության նմուշներ:
«Հայարտուն» մշակույթի կենտրոնի մշակույթի բաժնի ղեկավար և «Սուրբ Ներսես Շնորհալի» համույթի գեղարվեստական ղեկավար՝ Լևոն Չիդիլյանի, երաժշտական բաժնի ղեկավար՝ Պավել Օգանեզովի, երգչախմբի խմբավար՝ Մարիաննա Մամաջանովայի, կենտրոնի տեխնիկական բաժնի վարիչ ՝Վալերի Բադալյանի, Եկեղեցասեր երիտասարդաց միության անդամ՝ Սերգեյ Արությունովի, առաջնորդարանի աշխատակից Միքայել Ավագյանի մտահղացմամբ և ջանքերով համերգն ուղեկցվում էր մեծ երգահանի կյանքից և գործունեությունից արխիվային կադրերի, հայ մեծ դերասան Արմեն Ջիգարխանյանի, ռուս բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի հուշերի, «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի տնօրեն Արա Բաբաջանյանի՝ հոր մասին պատմածների, նաև նրան նվիրված վավերագրական ֆիլմից հատվածների ցուցադրությամբ:
Վիրահայոց հոգևոր թեմի առաջնորդ՝ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, գնահատելով Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված համերգը , խրախուսանքի խոսքեր ուղղեց «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նորաստեղծ ՝ «Սուրբ Ներսես Շնորհալի» երգի և երաժշտական գործիքների համույթին, մաղթելով նոր լիցք ու թափ հայ մշակույթը Թբիլիսիում զարգացնելու գործում:
«ՀԱՅԱՐՏՈՒՆ» ԹԲԻԼԻՍԻ