Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 24-ի առավոտյան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և մի խումբ չեխահայեր ծաղիկներ դրեցին անվանի գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի կիսանդրիին, որը զետեղված է այն տան մոտ, ուր ծնվել է մեծանուն հումանիստը:
Այնուհետև, հարգանքի տուրք մատուցվեց ԱՄՆ 28-րդ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և Հայկական հարցի արդարացի լուծման ջատագով Թոմաս Վուդրո Ուիլսոն հուշարձանին:
Արարողություններում ելույթ ունեցան դեսպան Տիգրան Սեյրանյանը, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանն ու «Արմենիա քլաբ» կազմակերպության նախագահ Տիգրան Աբրահամյանը: Հայ դիվանագետը կարևորեց օտարազգի անվանի գործիչների հայանպաստ գործունեությունը, նշեց, որ Վերֆելի գիրքը ոչ միայն գեղարվեստական համաշխարհային մեծ արժեք է, այլ նաև պարունակում է Հայոց ցեղասպանության անգնահատելի վկայություններ և փաստագրական նյութեր, արտահայտում է թուրք ջարդարարների դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարը:
Այսօր Պրահայի կենտրոնական հրապարակներում հարյուրավոր չեխահայերի և չեխ հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ ընթանում է Հայոց ցեղասպանության դատապարտմանը նվիրված հանրահավաք-երթը:
* * *
Ապրիլի 24-ին Չեխիայի հայ համայնքը Պրահայի կենտրոնում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված հանրահավաք-երթ: Այն սկսվել էր Հանրապետության հրապարակից, կենտրոնական փողոցներով ընթացել դեպի Հին Քաղաքի հրապարակ և ամփոփվել Սուրբ Յեղիայի եկեղեցու մոտ: Ցույցն անց է կացվել «Թուրքիա. արյունոտ անցյալ, մեղավոր ներկա», «Հայոց ցեղասպանություն. պատիժ և հատուցում», «Թուրքիայի ժխտողականությունը հեռանկար չունի» և այլ կարգախոսների ներքո:
Հանրահավաք-երթին մասնակցել են շուրջ 200 չեխահայեր և չեխ համակիրներ:
Այնուհետև Սուրբ Յեղիայի եկեղեցում սկսվել է Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումը, որին ներկա էին Չեխիայի Պառլամենտի սենատորներ, ԱԳՆ բարձրաստիճան աշխատակիցներ, Պրահայում հավատարմագրված մի շարք պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և աշխատակիցներ, հայ համայնքի բազմաթիվ անդամներ: Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցել է ժամերգություն և կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստյան կարգը: Ելույթներ են ունեցել Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և «Արմենիա քլաբ» կազմակերպության նախագահ Տիգրան Աբրահամյանը, ընթերցվել են Պրահայի Արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկայի և Պառլամենտի սենատոր Յարոմիր Շտետինայի ուղերձները: Ձեռնարկի ավարտին Կոմիտասի և Եկմալյանի ստեղծագործություններով հանդես է եկել Պրահայի Կարլով համալսարանի երգչախումբը` դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ:
Ձեռնարկի ավարտից հետո դրա մասնակիցները տեղափոխվել են հարևանությամբ գտնվող Մարիամ և Հրայր Ղարիբյանների GH ցուցասրահը, ուր դեսպանի և հայր Բարսեղ Փիլավչյանի մասնակցությամբ կատարվել է չեխ անվանի նկարիչ Իրժի Նոսեկի հայաստանյան նկարների շարքի՝ ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացումը: Արարողությանը ներկա է եղել նկարչի այրին: