ՄԻԵԴ-ի տխրահռչակ որոշումից հետո հայտարարություն է տարածել Դողու Փերինչեքը՝ պնդելով, թե այսուհետ Թուրքիայի համար Հայկական հարց գոյություն չունի, այն լուծվել է։
Թուրքական Aydinlik պարբերականում տեղ գտած Դողու Փերինչեքի հայտարարության մեջ նշել է, թե բոլոր խնդիրների լուծման վերին կետը դատական համակարգն է եւ այդ համակարգում լուծում ստանալուց հետո մնում է միայն այդ լուծումը կիրառել։
«Երբ ուզում էին դիմել ՄԻԵԴ, թուրքական իշխանություններն ու ընդդիմության կարեւոր դեմքերը համոզում էին չգնալ այդ քայլին՝ Թուրքիայի համար լրացուցիչ խնդիրներ չստեղծելու համար։ Բայց մենք խոս տվեցինք մեր ազգին, որ Հայկական հարցը լուծելու ենք։ Արդեն Թուրքիայի համար Հայկական հարց չկա, այն լուծվեց»,-ասել է Դողու Փերինչեքը՝ շեշտելով, թե Հայկական հարցը լուծվել է ճիշտ ռազմավարության, ճիշտ քաղաքականության, ճիշտ պայքարի եւ ազգի հզորությամբ։
Նշենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել էր թուրքական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ը Դողու Փերինչեքի կողմից Ցեղասպանության ժխտումը դիտարկել էր խոսքի ազատության համատեքստում։
Ավելի վաղ, շվեցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտել է Դողու Փերինչեքին։