Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրի շրջանակներում Սիդնեյի ‹Norths› դահլիճում տեղի է ունեցել ՀՀ անկախության 22-ամյակին նվիրված համերգային ծրագիրը:
Ավստրալիայի հայ համայնքին ուղղված` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի եւ երիտասարդության ծրագրերի բաժնի պետ Գրետա Մնացականյանը:
Համերգային ծրագրում ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստներ Լեյլա Սարիբեկյանը եւ Արսեն Գրիգորյանը, երգչուհի Սոնա Շահգելդյանը, կոմպոզիտոր, էթնոջազի անզուգական կատարող Գարիկ Սարիբեկյանը եւ դաշնակահարուհի Տաթեւիկ Հայրումյանը:
Միջոցառմանը ներկա էին Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Հայ Եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Հայր Ավետիս Համբարձումյանը, Հայ կաթողիկե եկեղեցու հովիվ Գերաշնորհ Հայր Բարսեղ Սուսանյանը, Հայ Ավետարանական Եկեղեցու հովիվ Վերապատվելի Հակոբ Սարգիսյանը, Բազմամշակութային եւ փոխհարաբերության հանձնախմբի նախագահ Ստեփան Քրքյաշարյանը, Ավստրալիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Վարուժան Իսկենդերյանը, Ռայդի քաղաքապետարանի խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը, համայնքի եկեղեցիների, կուսակցությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագիրն ավարտվեց Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի օրհնանքի եւ բարեմաղթանքի խոսքով: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը նման նախաձեռնության համար` գնահատելով այն որպես աննախադեպ միջոցառում, շնորհավորեց կատարողներին փայլուն ելույթի եւ ներկաներին ոգեւորություն պարգեւելու համար:
Հաջորդ համերգը տեղի կունենա նոյեմբերի 30-ին Մելբուռն քաղաքում: