Հնդկական Կալկաթա քաղաքում 103-ամյա անվանի Զբոսայգու շինությունը Պարկ-սթրիթում ստացել է ժառանգության առաջին մրցանակ, որը սահմանվել է Կալկաթայի մունիցիպալ կորպորացիայի ու Արվեստների եւ մշակութային ժառանգության հնդկական ազգային հիմնադրամի կողմից: Այդ մասին գրում է հնդկական «NDTV» հեռուստաընկերության կայքը:
Հինգ տարի առաջ սկսվել էին շենքի վերանորոգման աշխատանքները, որը կառուցել է հայ վաճառական Թ.Մ. Թադեուսը 1910թ.-ին: Մրցանակը շենքի սեփականատերերի քրտնաջան աշխատանքների արդյունքն էր: «Համապատասխան քննարկումներից հետո կոմիտեն միաձայն որոշեց 2013թ.-ի մրցանակը հանձնել Զբոսայգու շինությանը՝ Պարկ-սթրիթի ճարտարապետական հուշարձանին՝ վերանորոգման ընթացքում մանրուքների հանդեպ ուշադրության համար»,- ասել է կոմիտեի անդամ Գ.Մ. Կապուրը:Շինությունը վերածվել է վարձակալությամբ տրվող օբյեկտի տարբեր տեսակ օգտագործման համար՝ այդ թվում նաեւ բնակելի, կոմերցիոն սեգմենտներով: Շենքի վերանորոգմանը, որն այժմ իրականացնում է «Apeejay Surrendra Group»-ը, մասնակցում էր մոտ 70 աշխատակից: