Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Երևանի օրերի անցկացման շրջանակում քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամների հետ այցելել է Մոսկվայի Նիկոլայ Նեկրասովի անվան կենտրոնական ունիվերսալ գիտական գրադարան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում գրադարանում կազմակերպվել է ցուցադրություն, որում ներկայացվել են գրադարանի ֆոնդերում պահպանվող հայերեն գրականության մի շարք հրատարակություններ, այդ թվում՝ գրքեր, ամսագրեր, ինչպես նաև որոշ փաստաթղթեր:
Գրադարանի գլխավոր տնօրենի միջազգային գծով տեղակալ Ռաիսա Սամսոնովան, ջերմորեն ողջունելով հյուրերին և ուղեկցելով գրադարանի սրահներով, նշել է, որ գրադարանի ֆոնդերում պահվող հայերեն գրականության զգալի մասը արժեքավոր է ու բացառիկ:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհակալություն հայտնելով ցուցադրության կազմակերպման համար, ընդգծել է, որ նման հավաքածուի առկայությունը ռուսական գրադարանում երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և հայկական արժեքների նկատմամբ սրտացավ վերաբերմունքի ամենախոսուն գնահատականն է: Կազմակերպված ցուցադրության շրջանակում առանձին ներկայացվել է նաև հայ գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչների ալբոմների ցուցահանդեսը:
ARMENPRESS.am