Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանը (Robert Guediguian) իր նոր կինոաշխատանքում կանդրադառնա 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքներին: Ֆիլմում ներգրավված են ֆրանսահայ դերասաններ Սերժ Ավետիքյանը, Սիմոն Աբգարյանը, այլք: Փարիզից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մեկ այլ ֆրանսահայ ռեժիսոր, սցենարիստ և դերասան Սերժ Ավետիքյանը պատմեց, որ այժմ ընթանում են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները:
«Ֆիլմն իսկապես ցեղասպանության հետևանքների մասին է, շատ հետաքրիքր թեմա է, որը կանդրադառնա նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ ԱՍԱԼԱ-ի գործողություններին, այսինքն` այն հարցին, թե նոր սերունդներն ինչպես էին հետամուտ լինում Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի կողմից»,- նշեց Ավետիքյանը: Նրա գնահատմամբ` ընտրված թեման յուրահատուկ է և սուր, որի մասին գուցե դժվար է խոսել: «Ֆրանսիան շատ ուղղակի ձևով կապված է ցեղասպանության հետևանքների հետ, և պատահական չէ, որ շեշտադրումը կատարված է նաև Ֆրանսիայի հայկական գաղթօջախների վրա»,- պարզաբանեց կինոռեժիսորը:
Ներկա փուլում պատրաստ է ֆիլմի սցենարը, առաջիկայում կմեկնարկեն նկարահանման աշխատանները, որոնք հիմնականում կիրականացվեն Ֆրանսիայում, թեև նախանշված են որոշ նկարահանումներ նաև Հայաստանում: Գետիկյանի նոր ֆիլմը կլինի ֆրանսերեն, սակայն հայերենն էլ անմասն չի մնա կինոժապավենից:
Ֆիլմը պատրաստ կլինի 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսակ Մանուշյանի և նրա պարտիզանական խմբի մասին պատմող «Ոճրագործության բանակ» ֆիլմը ներկայացվել էր հանրության դատին 2009 թվականի նոյեմբերին:
Սերժ Ավետիքյանը համատեղ մի շարք կինոնախաձեռնություններ է իրականացնում, որոնցից մեկը` «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն լիամետրաժ ֆիլմն է: Դրանում անդրադարձ կլինի նաեւ Հայոց ցեղասպանության հետևանքներին: «Վերջին ռաունդը Ստամբուլում» ֆիլմը ներկայացնում է Թուրքիայի պատմությունը, որն առնչվում է նաև Հայոց ցեղասպանության և ֆաշիզմի թեմային: Փետրվարի սկզբին պատրաստ կլինի ֆիլմի առաջին չորս րոպեն, որը կներկայացվի կինովարձույթով զբաղվող կազմակերպությունների և կինոպրոդյուսերների դատին: Անիմացիոն ֆիլմի ավարտը նույնպես նախանշված է 2015 թվականին:
Տաթևիկ Գրիգորյան, ARMENPRESS.am