Անցյալ տարի հայ հասարակությունը ցնցվեց համացանցում հայտնված Հայոց Ցեղասպանության մասին նոր ֆիլմի` «The Genex»-ի թրեյլերից: Թրեյլերում ընդգրկված դերասանների կազմն ուղղակի ապշեցնում էր. Լեոնարդո Դի Կապրիո, Նատալի Փորթման եւ այլք: Ֆիլմի պաշտոնական կայքում, սակայն, ոչ մի այլ տեղեկություն չկա, բացի այն, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2015 թվականի ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը: NEWS.am STYLE-ը որոշեց զրուցել ֆիլմի ռեժիսոր Արտ Սեւադայի հետ` պարզելու համար, թե ինչ ընթացքի մեջ են նկարահանման աշխատանքները եւ երբ հայտնի կդառնա դերասանական կազմը:
«Ֆիլմը, իհարկե, նկարահանվում է»,- ասաց Սեւադան` հավելելով, որ համացանցում տարածված թրեյլերը պաշտոնականը չէ: «Այն, ինչ տարածվել է առանց թույլտվության, պոտենիցալ ներդրողների համար թիզեր էր: Այն YouTube-ի փակ էջից գողացել եւ որպես պաշտոնական թրեյլեր են ներկայացրել հայկական լրատվամիջոցները»,- նշեց նա:
Խոսելով ֆիլմի դերասանական կազմի մասին՝ Արտ Սեւադան ասաց, որ այն ֆաբրիկացիա է լրատվականների կողմից՝ «իրենց էժանագին PR-ն անելու եւ կարդացողների թիվը շատացնելու համար»:
«Վերջնական կազմը կհայտարարվի շուտով»,- ընդգծեց նա` կոչ անելով լրատվականներին հեռացնել կայքերից այդ աստղերի մասնակցությամբ թրեյլերը, քանի որ այդ մեծ վնաս է հասցնում իրենց: «Թուրքերը բողոքում են, եւ դերասանները կարող են հետ կանգնել կամ հրաժարվել»,- նշեց ռեժիսորը:
Արտ Սեւադայի խոսքով`լրատվամիջոցներն այդ էժան PR-ով վնասում են իրենց. «Արդեն մեկ տարի է` մերթընդմերթ սկսվում է այս անիմաստ հարձակումը հայկական լրատվության կողմից եւ, անկեղծ պիտի խոստովանեմ, բավականին վնասել է ֆիլմի ֆինանսավորմանը, դերասանների մասնակցությանը: Հուսամ`ավելի հեռատես կլինենք իբրեւ ազգ եւ էքստազի մեջ չենք ընկնի ժամանակից շուտ: Իսկ իրական, պաշտոնական թրեյլերը կներկայացվի շուտով` «The Genex»-ի կայքէջում»,- եզրափակեց նա:
NEWS.am STYLE